Իրանի նախագահ Հասան Ռոհանին կոչ է արել ժողովրդին շարունակել պահպանել համաճարակաբանական կանոնները, որպեսզի կանխվի կորոնավիրուսի տարածումը, մինչեւ հիվանդությունը չնահանջի, հայտնում է Tasnim-ը:

Կորոնավիրուսի դեմ պայքարի ազգային շտաբում ունեցած ելույթի ժամանակ Իրանի նախագահը նշել է, որ երկիրը պետք է միավորվի վարակի հետ երկարատեւ պայքարի համար:

Նրա խոսքերով՝ մոտ ժամանակներս վիրուսը չի վերանա ու չի կարող ոչնչացվել, եւ վարակի հանդեպ լիարժեք իմունիտետ ապահովող լուծում չկա:

Ռոհանին նաեւ խոսել է մեկ-երկու շաբաթ դիմակներ կրելու անհրաժեշտության մասին՝ այն տարածքներում, որոնք նշված են որպես վարակի բարձր ռիսկ ունեցող կարմիր գոտիներ:

Նա նաեւ ընդգծել է, որ անհնար է փակել բիզնեսները եւ կանգնեցնել տնտեսությունը, դադարեցնել կրթական, մշակութային եւ կրոնական միջոցառումները՝ նշելով մարդաշատ վայրերից խուսափելու անհրաժեշտությունը:

Իրանի նախագահը նաեւ հայտարարել է, որ նախատեսվում է սեպտեմբերի 5-ից բացել դպրոցներն ու համալսարանները: