Ներկայում Եգիպտոսը կարող է ներխուժել Լիբիա օրինական հիմքերով, հայտարարել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ աս-Սիսին՝ կոչ անելով բանակին պատրաստվել արտերկրում գործողություններին, հաղորդում է  «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով ԶԼՄ-ներին:

«Ցանկացած ուղղակի միջամտությունը Եգիպտոսի կողմից այժմ ձեռք է բերել միջազգային լեգիտիմություն»,-մեջբերում են ԶԼՄ-ները նախագահի հայտարարությունը, որն արվել է Լիբիայի հետ սահմանին եգիպտական ռազմաօդային ուժերի տարածքում:

Նախքան ելույթը նա շփվել է ավիաբազայի զինծառայողների հետ՝ հայտարարելով. «Պատրա՛ստ եղեք իրագործել ցանկացած առաքելություն այստեղ՝ մեր սահմանների ներսում, կամ անհրաժեշտության դեպքում մեր սահմաններից դուրս»:

Ելույթի ընթացքում աս-Սիսին ասել է, որ Եգիպտոսն իրավունք ունի պաշտպանվել Լիբիայում օտարերկրյա պետությունների կողմից աջակցություն ստացող «ահաբեկչական ապստամբների եւ վարձու զինվորականների ուղիղ սպառնալիքներից»:

Նա պարզաբանել է, որ ցանկացած միջամտության հիմնական նպատակները կլինեն Եգիպտոսի արեւմտյան սահմանում 1.2 կիլոմետր երկայնքի պաշտպանությոնը, հրադադարին հասնելու աջակցությունը եւ Լիբիայում խաղաղության եւ կայունության վերականգնումը:

Ավելի վաղ Եգիպտոսը ներկայացել էր Լիբիայում հրադադարի նախաձեռնությամբ՝ առաջարկելով ստեղծել ընտրված ղեկավար խորհուրդ:

Առաջարկը սատարել էր Ռուսաստանը, Միացյալ Նահանգները եւ ԱՄԷ-ն, սակայն այդ ծրագիրը հերքել էր Թուրքիան:

Լիբիայում ներկայում գործում է գործադիր իշխանության երկու մարմին զուգահեռաբար. ՄԱԿ-ի կողմից ճանաչված եւ Տրիպոլիում գտնվող Ֆաիզ Սարաջի ազգային համաձայնության կառավարությունը եւԱբդալա Աբդուրահման աթ-Թանիի ժամանակավոր կառավարությունը, որը գործում է երկրի արեւելքում եւ աջակցություն ստանում Խալիֆա Խաֆթարի՝ Լիբիայի ազգային բանակի կողմից:

Վերջին շրջանում ԱՀԿ ուժերը Թուրքիայի աջակցությամբ ակտիվորեն ճնշում են Խաֆթարի բանակին:

Արեւմտյան ԶԼՄ-ների տվյալներով՝ Խաֆթարի ուժերն աջակցություն են ստանում Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, ԱՄԷ-ից,  Եգիպտոսից: Իսկ Տրիպոլիի կառավարության կողմից են Թուրքիան, Քաթարը եւ Իտալիան: