Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ Երեւանի քաղաքապետարանը երկու նոր բնակարան է հատկացրել Արցախյան պատերազմի մասնակից, ազատամարտիկ, 2-րդ խմբի զինվորական հաշմանդամ Գագիկ Հովհաննիսյանի բազմազավակ ընտանիքին:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ 2011թ.-ի մարտի 31-ին բնակարանային պայմանների բարելավման խնդրանքով  Գագիկ Հովհաննիսյանը դիմել էր ՀՀ պաշտպանության նախարարին:

Խնդրին հրատապ լուծում է տրվել  եւ մայիսի 9-ին` Հաղթանակի օրը, 11 երեխաների հայրը Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանից ստացել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող նոր ու հարմարավետ երկու բնակարանների բանալիներ:

Շնորհավորելով Հաղթանակի եւ Շուշիի ազատագրման օրվա առթիվ, Երեւանի քաղաքապետը Գրիգորյանների ընտանիքին մաղթել է առողջություն, ընտանեկան ջերմ միջավայր: «Թող ձեր երեխաները ապրեն խաղաղ պայմաններում եւ դառնան մեր երկրի արժանապատիվ քաղաքացիներ: Մենք բոլորս պարտական ենք ձեզ` Արցախյան եւ Հայրենական պատերազմների մասնակիցներին: Այդ պարտքը նման է ծնողի նկատմամբ ունեցած երեխայի պարտքին, որը հնարավոր չէ մարել»,- նշել է Կարեն Կարապետյանը:

Ազատամարտիկ Գագիկ Հովհաննիսյանը դեռ մարտի դաշտում էր ուխտել 12 արու զավակ ունենալ, ի հիշատակ ռազմի դաշտում զոհված իր 12 մարտական ընկերների: Տղաներն առայժմ 7 են, բայց, ինչպես Գագիկն է ասում, ամեն ինչ դեռ առջեւում է:   

Բնակարանի բանալիներից բացի քաղաքապետ Կարեն Կարապետյանը նոր բնակարանը կահավորելու համար ազատամարտիկի ընտանիքին նվիրեց կենցաղային տեխնիկա, իսկ երեխաներին էլ տարբեր նվերներ: