Հաղթանակի եւ խաղաղության տոնի օրը ԼՂՀ Պաշտպանության բանակի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում հանգիստ է:

ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը` Շուշիում պատասխանելով լրագրողների հարցերին, հայտարարել է, որ «վերջին 5 ամսվա ընթացքում այսօր ամենից հանգիստ օրն է եղել»:

Անդրադառնալով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ անցկացվող բանակցություններին եւ դրանց հաջորդող կրակոցներին շփման գծում` Մովսես Հակոբյանը կարծիք է հայտնել, որ այդպիսով ադրբեջանական կողմը փորձում է շանտաժի ենթարկել համանախագահող երկրներին, որպեսզի որոշակի ճնշումներ գործադրեն Լեռնային Ղարաբաղի հանդեպ:

«Բանակի համար դա անընդունելի է, եւ որեւէ ազդեցություն չի կարող ունենալ բանակի վրա», - հավելել է ԼՂ պաշտպանության նախարարը:
Մովսես Հակոբյանն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացման առնչությամբ Ադրբեջանի հնչեցրած սպառնալիքներին:

«Եթե պետական պաշտոնյան իր ուժերից վեր հայտարարություններ է անում, չեմ կարող դա մեկնաբանել, որովհետեւ այն ինչ հայտարարում է, չի կարող իրականացնել: Մենք կարող ենք օրական մոտ 62 քաղաքացիական չվերթ Ադրբեջանի տարածքում հրթիռակոծել, որը չենք իրականացնում, եւ հասկանում ենք, որ քաղաքացիական օդանավերը ռմբակոծելը հանցագործություն է», - ասել է պաշտպանության նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: