Կալիֆորնիա նահանգի Քոմփթոն քաղաքում կիրակի օրը ոստիկանության կողմից իսպանացի Անդրես Գուարդադոյի սպանության կապակցությամբ բողոքի ցույցերը բախումների են վերաճել իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով CNN-ը:

Նշվում է, որ ի սկզբանե ցուցարարները հավաքվել էին Գարդինա քաղաքում (Կալիֆորնիա)՝ սպանված 18-ամյա դեռահասի ընտանիքի հետ միասին նրա հիշատակը հարգելու եւ վրդովմունք հայտնելու ոստիկանության գործողությունների կապակցությամբ: Դրանից հետո նրանք ուղեւորվել են դեպի Լոս Անջելեսի շերիֆի գրասենյակ հարեւան Քոմփթոնում, որտեղ բախումներ են սկսվել ցուցարարների եւ իրավապահների միջեւ: Ամբոխը ցրելու համար իրավապահները արցունքաբեր գազ եւ ռետինե փամփուշտներ են կիրառել: CBS-ի փոխանցմամբ՝ անկարգությունների արդյունքում 6 մարդ է ձերբակալվել:

Գուարդադոն ոստիկանության աշխատակիցների կողմից գնդակահարվել էր հունիսի 18-ին Գարդինա քաղաքում: Ըստ իշխանությունների՝ նրան նկատել էին կիսաավտոմատ ատրճանակով ավտոմեքենաների վերանորոգման կետի կողքին: Նկատելով իրավապահներին՝ նա փախուստի էր դիմել: Լատինաամերիկացուն հետապնդող ոստիկանը 6 անգամ կրակել էր տղայի վրա: Ստացված վնասվածքներից Գուարդադոն մահացել էր:

CNN-ի փոխանցմամբ՝ սպանվածն աշխատում էր որպես պահակ ավտոմեքենայի վերանորոգման արհեստանոցում, սակայն նա աշխատանքային համազգեստով չէր: Բացի այդ, Կալիֆորնիայի օրենքներով, Գուարդադոյի տարիքը նրան թույլ չէր տալիս աշխատել որպես զինված պահակ: Լոս Անջելեսի շրջանի ոստիկանությունը հայտարարել է, որ երիտասարդի զենքը գրանցված չէր: Ոստիկանները տեսախցիկներ չեն օգտագործել միջադեպի ընթացքում, ինչը բարդացնում է դեպքի հետաքննությունը, հայտնել են հեռուստաընկերությունում: