Հայաստանի Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնը թողնելուց հետո կպահպանեն կենսաթոշակ ստանալու իրավունքը: Այս մասին հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների օրինական նպատակը նշվում է ինչպես Վենետիկի հանձնաժողովի կարծիքում, այնպես էլ ԵԽ գլխավոր քարտուղարի հայտարարության մեջ:
Նշենք, որ ՎՀ եզրակացության 82-րդ կետում ասվում է, որ հանձնաժողովը ափսոսանք է հայտնում այն կապակցությամբ, որ ՀՀ ԱԺ-ն օրակարգում ներառել է ծրագիրն այն օրը, երբ հրապարակվել է հանձնաժողովի կարծիքը: Հանձնաժողովը նաեւ նշել է, որ տվյալ նախաձեռնությունը չի համապատասխանում հանձնաժողովի կարծիքին: Այլ վիճելի հարց է օրինագծի ուղարկումը ՍԴ, ինչը ԱԺ-ն չի արել: Նշենք, որ ՎՀ խորհուրդների համաձայն՝ տվյալ նախաձեռնությունը պետք է ուղարկվի ՍԴ:





























