Lamborghini ընկերությունը ներկայացրել է Pearl Capsule հատուկ դիզայներական տարբերակը Urus քրոսովերի համար: Սովորական Urus-ներից տարբերությունն ինտերյերի եւ էքստերյերի երկգույնանի ձեւավորումն է՝ գերիշխող դեղին, նարնջագույն կամ բաց կանաչ գույնով: Բացի այդ, Urus-ը սրահի հատուկ ձեւավորում եւ օրիգինալ անվային սկավառկներ է ստացել, հայտնում է Motor-ը:

Lamborghini Urus Pearl Capsule-ը կարելի է պատվիրել Lamborghini-ի ֆիրմային երեք գույներից մեկով՝ դեղին Giallo Inti, նարնջագույն Arancio Borealis կամ կանաչ Verde Mantis: Հատուկ թողարման առանձնահատկություններն են բամպերի սեւ հատակը, մուգ շեմերը եւ սեւ տանիքը:

Բացի այդ, հատուկ շարքի քրոսովերներն օրիգինալ դիզայնի 23 դյույմանոց գրաֆիտային սկավառակներ ունեն, գերիշխող գույնի հետ համընկնում է նաեւ արգելակային սուփորթների գույնը: Հատուկ ոճի մշակմամբ զբաղվել է Lamborghini-ի Centro Stile նախագծման բաժինը:

Դեղին, նարնջագույն կամ կանաչ գույնը շարունակվում է նաեւ սրահում. ընտրված գույնն ունեն նստատեղերի կողային հատվածները, դռան բռնակները, կենտրոնական թունելի եզրերը: Համանման ոճով է նաեւ ձեւավորված ղեկի եւ դռնային քարտեզների մակերեսը, ինչպես նաեւ գորգերի եզրագծերը: Նստատեղերը պատված են կաշվով, իսկ դիմային վահանակի տարրերը զարդարված են կարբոնով եւ սեւ ալյումինով:

Թարմացումների փոքր փաթեթը հասանելի կլինի բոլոր նոր Lamborghini Urus-ների համար՝ սկսած 2021 մոդելային տարվանից: Կփոխվի բանալու դիզայնը, կհայտնվի 730 վտ հզորությամբ Sensonum աուդիո համակարգ 17 բարձրախոսով, իսկ ավտոմատ համակարգը կկարողանա օգնել վարորդին ոչ միայն զուգահեռ, այլեւ ուղղահայաց կայանելու ժամանակ:

Միացյալ Նահանգներում Lamborghini Urus 2021 մոդելային տարվա գները կսկսվեն 218 հազար դոլարից, Եվրոպայում մոդելը կարժենա 186 հազար եվրո, իսկ Մեծ Բրիտանիայում՝ 143.7 հազար ֆունտ: Իտալական ընկերությունը գոհ է Urus-ի պահանջարկից. քրոսովերերի գնորդների 80 տոկոսն առաջին անգամ է գնում Lamborghini: