ԱՄՆ-ի համընդհանուր ընտրությունները, որոնք տեղի կունենան այս տարվա նոյեմբերին, կարող են «ամենակեղծվածը» լինել ԱՄՆ ողջ պատմության ընթացքում`փոստով քվեարկելու հնարավորությունը օգտագործելու պատճառով: Այսպիսի կարծիք է երկուշաբթի օրը Twitter-ում հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
«Փոստով քվեարկելու պատճառով 2020-ին մեր երկրի պատմության մեջ ամենակեղծված ընտրությունները կանցկացվեն, եթե այդ հիմարությանը վերջ չդրվի: Մենք առանց խնդիրների քվեարկել ենք Առաջին համաշխարհային պատերազմի եւ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին, սակայն այժմ նրանք օգտագործում են COVID-ը, որպեսզի խաբեն՝ փոստի միջոցով»,- կարծում է նախագահը:
Ավելի վաղ, երկուշաբթի օրը, նա հայտարարել է, որ ԱՄՆ ընտրությունների համար միլիոնավոր փոստային քվեաթերթիկները տպագրվելու են արտերկրում: Թրամփը բազմիցս դեմ է արտահայտվել փոստով քվեարկություն անցկացնելու տարբերակին, որը համավարակի պատճառով կարող է թույլատրվել մի քանի նահանգներում:
Քաղաքագիտական Real Clear Politics («Իրական հստակ քաղաքականություն») պորտալի վերջին հարցումների համաձայն՝ ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որի թեկնածությունը խոստացել են պաշտպանել Դեմոկրատական կուսակցության համագումարի պատվիրակները, ընտրողների շրջանում վայելող ժողովրդականությամբ միջինը 9,5%-ով գերազանցում է Թրամփին:
Ամերիկյան վարչակազմի գործող ղեկավարն արդեն ստացել է կուսակցության համագումարի պատվիրակների ձայների անհրաժեշտ քանակը՝ հանրապետականներից թեկնածու առաջադրվելու համար: ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները նշանակված են նոյեմբերի 3-ին:





























