ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը երեկ հերքել է Միացյալ Նահանգների եւ Չինաստանի միջեւ առեւտրային գործարքի ավարտի մասին տեղեկությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Չինաստանի հետ առեւտրային գործարքը լիովին պահպանված է: Հուսով եմ, որ նրանք կշարունակեն կատարել պայմանագրի պայմանները»,- Twitter-ում նշել է պետության ղեյավարը:

Երկուշաբթի ավելի վաղ Սպիտակ տանն առընթեր առեւտրի հարցերով ազգային խորհրդի ղեկավար Պիտեր Նավարոն Fox News Channel հեռուստաալիքին հայտնել էր, որ Թրամփը մտադիր է Չինաստանի հետ համաձայնագրի գործողությունը դադարեցնել նոր կորոնավիրուսի ծագման վերաբերյալ հետախուզության աճող համոզվածության ֆոնին, որ այն դուրս է եկել Ուհանի լաբորատորիայի պատերից:

Bloomberg գործակալությունն ավելի ուշ տարածել էր Նավարոյի հայտարարությունն այն մասին, որ իր արտահայտությունները ենթատեքստից կտրվել են: «Իմ արտահայտությունները ենթատեքստից կտրվել են: Դրանք չեն վերաբերել առեւտրային գործարքի առաջին փուլին, որը պահպանվում է»,- պարզաբանել էր Սպիտակ տանն առընթեր խորհրդի ղեկավարը:

Երկու երկրների միջեւ առեւտրային գործարքի առաջին փուլի կնքման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 15-ին Վաշինգտոնում: Փաստաթղթի տակ իրենց ստորագրություններն են դրել Թրամփը եւ Չինաստանի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն: Չինաստանը համաձայնվել է, մասնավորապես, առաջին տարում 76,7 մլրդ դոլարով մեծացնել ամերիկյան արտադրանքի գնումը եւ 123,3 մլրդ դոլարով՝ համաձայնագրի գործողության երկրորդ տարվա ընթացքում: Խոսքը ոչ միայն գյուղատնտեսական արտադրանքի մասին է, այլեւ այլ ապրանքների: Թրամփի խոսքով՝ գործարքը թույլ կտա կրճատել առեւտրային դեֆիցիտը: