ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ազգային անվտանգության հարցերով իր նախկին օգնական Ջոն Բոլթոնը, ամենայն հավանականությամբ, որեւէ եկամուտ չի ստանա գրքի հրատարակումից: Այս մասին ԱՄՆ նախագահն ասել է CBN-ի լրագրողներին տված հարցազրույցում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Թրամփը հիշեցրել է, որ Կոլումբիայի մայրաքաղաքային շրջանի դաշնային դատարանն ավելի վաղ որոշում էր կայացրել, որ Բոլթոնն իր «Սենյակը, որտեղ դա տեղի է ունեցել. Սպիտակ տան հուշերը» գրքով «վտանգել է ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը»: Գիրքը լույս է տեսնելու երեքշաբթի: Ըստ ԱՄՆ վարչակազմի՝ այն գաղտնի տեղեկություններ է պարունակում: «Կարծում եմ, որ Բոլթոնը մեծ խնդիր ունի: Բացի այդ, նա չի կարողանա գումարները պահել: Չեմ կարծում, որ որեւէ հնարավորություն կա, որ նա կարողանապահել գումարները,- ասել է Թրամփը:
Սպիտակ տան խոսնակ Քեյլի Մաքինենին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ վարչակազմը մտադիր է հասնել նրան, որպեսզի Բոլթոնը չկարողանա եկամուտ ստանալ հուշերի վաճառքից: Ըստ նրա՝ դատարանը չի արգելափակել գրքի հրատարակումը բացառապես այն պատճառով, որ դրա պատճեններն արդեն բաժանվել էին, ուստի այդպիսի քայլն ուշացած էր:
Այս ամսվա սկզբին ԱՄՆ արդարադատության նախարարությունը դատի էր տվել Բոլթոնին նրա գրքի առաջիկա հրատարակման կապակցությամբ: ԱՄՆ իշխանությունները Բոլթոնին մեղադրում են պետական գաղտնիք հանդիսացող տեղեկատվությունը չհրապարակելու պարտավորությունների խախտման համար, որոնք նա ստանձնել էր՝ դառնալով նախագահի խորհրդական:





























