Եմենի «Անսար ալլահ» շարժման խռովարարները (հուսիները) հայտարարել են «լայնածավալ գործողության» շրջանակում Սաուդյան Արաբիայի տարածքում օբյեկտների վրա իրենց նախաձեռնած հարձակումների մասին: Այս մասին հուսիների զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել է իրենց ենթակա «Ալ Մասիրա» հեռուստաալիքին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Սաուդյան Արաբիայի թիկունքում մեր զինուժի անցկացրած լայնածավալ գործողության մանրամասները կներկայացվեն մոտ ժամանակում»,- նշել է հուսիների ներկայացուցիչը:

Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի գլխավորած արաբական կոալիցիան ավելի վաղ հայտնել էր, որ թագավորության տարածքում որսել է Եմենից արձակված պայթուցիկով անօդաչուներ, որոնք նախատեսված էին քաղաքացիական թիրախների խոցման համար: Կոալիցիան հստակեցրել է, որ հուսիները երեկվանից եմենյան Սաադա նահանգից 8 անօդաչուներ եւ 3 բալիստիկ հրթիռներ են արձակել սաուդյան սահմանամերձ Ջիզան եւ եւ Նաժրան նահանգների ուղղությամբ, խռովարարները հրթիռներից մեկը փորձել են արձակել Էր Ռիադի ուղղությամբ:

Եմենում 2014 թվականի օգոստոսի 24-ից շարունակվում է հակամարտությունը կառավարական ուժերի եւ երկրում իշխանությունը զավթած հուսիների միջեւ: 2015 թվականի մարտից նախագահ Աբդ Ռաբու Մանսուր Հադիի միջազգայնորեն ճանաչված կառավարության կողմում մարտնչում է Սաուդյան Արաբիայի եւ ԱՄԷ-ի գլխավորած արաբական կոալիցիան:

Ի պատասխան Եմենի հյուսիսում հուսիների իշխանության ենթակայության տարածքների վրա մշտական ավիահարվածներին՝ խռովարարները գնդակոծում են Եմենին սահմանակից սաուդյան շրջանները, մասնավորապես՝ օդանավակայանները եւ նավթային օբյեկտները:

Ապրիլի սկզբին ի պատասխան ՄԱԿ կոչին՝ կոալիցիան հայտարարել էր Եմենում պատերազմի տարիներին առաջին հրադադարի մասին կորոնավիրուսի համավարակի պայմաններում, բայց ռազմական գործողությունների շիկացումը դրանից հետո աննշան է նվազել: