ԱՄՆ-ում հուշարձանների վնասումը կպատժվի մինչեւ 10 տարվա ազատազրկմամբ: Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես դաշնային կառավարությանը թույլատրել եմ կալանավորել բոլորին, ովքեր ԱՄՆ-ում զբաղվում են վանդալիզմով եւ ավերում են հուշարձանները, քանդակներն ու դաշնային այլ գույքը եւ նրանց նկատմամբ կիրառել ընդհուպ մինչեւ 10 տարվա ազատազրկման [պատիժ]՝ ըստ վետերանների հուշահամալիրների պահպանման մասին օրենքի եւ այս հարցին առնչվող այլ ակտերի»,- նշել է ԱՄՆ առաջնորդն իր Twitter-յան էջում:

Թրամփը նաեւ նշել է, որ իր հրամանն ուժի մեջ է մտնում անմիջապես եւ կարող է կիրառվել արդեն իրականացված վանդալիզմի ակտերի նկատմամբ:

Անցյալի քաղաքական գործիչների հուշարձանների դեմ պայքարի հերթական ալիքը ԱՄՆ-ում սկսվել էր Մինեապոլիսում (Մինեսոտա նահանգ) աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետ կապված բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին: Մայիսի 25-ին նրան ձերբակալելիս ոստիկաններն օգտագործել էին շնչահեղձ անող հնարքներ, ինչի հետեւանքով Ֆլոյդը շուտով հիվանդանոցում մահացել էր: Ձերբակալությանը մասնակցած ոստիկանության 4 աշխատակիցն էլ հեռացվել էր, նրանց առաջադրվել էին մեղադրանքներ:

Բողոքի ցույցերը հաճախ վերաճել էին անկարգությունների եւ կողոպուտի: Որոշ դեպքերում վանդալներն ավերել են Կոնֆեդերացիայի գործիչների հուշարձանները, որոնք ԱՄՆ-ում Քաղաքացիական պատերազմի ժամանակ (1861-1865) միավորել էին ստրկատիրական հարավի նահանգները: Դրանից բացի, հանվել էին ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսի մի քանի հուշարձաններ, որը եվրոպացիների համար առաջինն էր հայտնագործել Ամերիկան, ինչպես նաեւ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի (1789-1797 թվականներին) հուշարձանը: