ԱՄՆ առաջվա նման պատրաստ է Իրանի հետ երկխոսության, սակայն չի կարող հաստատել այդ երկրի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի՝ Թուրքիայում նախատեսվելիք  «վեցնյակի» բանակցությունների նոր ռաունդի մասին խոսքերը։

«Հաստատելու որեւէ բան չկա։ Իհարկե, «5+1» ձեւաչափով վերջին բանակցություններից որոշ ժամանակ է անցել։ Մենք հասկացրել ենք, թե ինչի ենք ձգտում, սակայն մենք երկխոսության կողմնակից ենք։ Ինչպես մենք ասել ենք, սա երկկողմ գործընթաց է, եւ դուռը բաց է մնում»,- լրագրողներին ասել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Մարկ Թոները, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Ավելի վաղ Ահմադինեժադը հայտարարել էր, որ Իրանը կարող է պատասխանել եվրոպական դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի առաջարկին՝ նոր հանդիպում անցկացնել միջազգային միջնորդների «վեցնյակի» հետ, որի ժամանակ կքննարկվի Իրանի միջուկային խնդիրը։