Սա խայտառակություն է: Արտակարգ դրության պայմաններում գույքահարկի բարձրացման մասին օրինագիծ քննարկելը չգիտեմ՝ ում մտքով կարող է անցնել, որ տնտեսական թիմի, ու որ տրամաբանության մեջ է տեղավորվում անել դա, ընդ որում, արտահերթ ռեժիմով, որը նշանակում է, որ հարցեր տալու հնարավորություն ընդհանրապես չլինի, երկու րոպեանոց ելույթներ, իսկ ասելիքը ահռելի է, սա անթույլատրելի է։ Այս մասին այսօր Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ խոսելով գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագծի մասին:
«Իհարկե, սա կառավարության դանդաղկոտության արդյունքն է մինչև հունիսի 30-ը հասցնելու համար, որը բոլորս գիտենք, սա առաջին անգամը չէ, բայց ոչ վատթարացնող նորմերով գույքահարկի դրույքներ բերել, որոնք անում եք արտակարգ դրության պայմաններում, երբ խոսում ենք քաղաքացիներից հարկային բեռը թեթևացնելու մասին»,- ասաց Մանե Թանդիլյանը:
Պատգամավորը նշեց, որ նախագծի վրա բավարար չեն աշխատել. «Հիմնական շահառուն Երևանի քաղաքապետարանն է, բայց անգամ Երևանի համայնքապետարանը դեռևս չի հասցրել կարծիք տալ, չունեք համայնքապետարանի կարծիքը:
Իսկ ինչու՞ եմ դա կարևորում, որովհետև Երևանի քաղաքապետարանը 65 տոկոս կատարողական ունի՝ հավաքելով քաղաքացիների հարկերը, բայց նույնիսկ հավաքած գումարը չեն կարողանում ծախսել: Կարո՞ղ է քննարկման առարկա դարձնեիք ամենախոշոր շահառուի հետ, բայց երևի ձեզ հետաքրքիր չի ոչ մեկի կարծիքը»,-ասաց նա:
Պատգամավորը նկատեց, որ գույքահարկը միջինը 3-4 անգամ է բարձրանում, քանի որ մոտարկում ենք շուկայական արժեքին, և այն տոկոսները, որոնք որոշակի նվազում ունեն, մյուս կողմից ունենք 3-4 անգամ ավելացում կադաստրային արժեքից դեպի շուկայական նոտարված և աներկբա է, որ բացարձակ արժեքով բոլորի գույքահարկն ավելանում է:
«580 հազար նոր գույքային միավոր դառնում է հարկատու: Ասում եք՝ տեսանելի հարստությունն ենք հարկում, այդ մինչև 3 միլիոն դրամանոց գույք ունեցո՞ղն է տեսանելի հարստություն, որտե՞ղ է ձեր ասածի մեջ տրամաբանությունը, սա սոցիալական բաղադրիչ էր, որը վերացրել եք իսպառ։։ Այստեղ կան նպաստառուներ, թոշակառուներ, սրանից հետո բոլորը դառնալու են անխտիր հարկ վճարող: ի՞նչ է ձեզ տալու, օրինակ, 140 դրամ վճարած մի գյուղացու հարկը»,-ասաց նա:
Մանե Թանդիլյանը նշեց, որ ինքը առաջարկություններ է ներկայացրել և համաձայն է, որ 200 միլիոնից ավելը պետք է ավելի հարկվի, բայց դրա հաշվին պետք է չհարկվող շեմ սահմանվի: Վերջինս նշեց նաև, որ ինքը ևս հաշվարկներ արել է և պատրաստ է տրամադրել:
Թանդիլյանը հավելեց, որ որևէ սոցիալական բաղադրիչ հաշվի չեն առել, և մեկ անգամ ևս փաստեց, որ անընդունելի է այս նախագիծը:
Հայաստանի իշխանությունները 3-4 անգամ բարձրացնում են անշարժ գույքի հարկը











