Պաղեստինա-իսրայելական երկխոսության հեռանկարները կխաթարվեն, եթե Իսրայելն իրականացնի պաղեստինյան տարածքների մի մասի բռնակցման իր ծրագրերը: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով պաղեստինա-իսրայելական կարգավորման վերաբերյալ Անվտանգության խորհրդի նիստին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ես իսրայելական կառավարությանը կոչ եմ անում հրաժարվել բռնակցման պլաններից»,- ասել է նա: «Եթե բռնակցումն իրականացվի, դա միջազգային իրավունքի լուրջ խախտում կդառնա, կվնասի երկկողմ լուծման հեռանկարներին եւ կխաթարի բանակցությունները վերսկսելու հնարավորությունը»,- նախազգուշացրել է Գուտերեշը:

«Մենք որոշիչ կետում ենք,- հավելել է նա:- Իսրայելի սպառնալիքը` բռնակցել օկուպացված Արեւմտյան ափի (Հորդանան գետի) մի մասը, մտահոգել է պաղեստինցիներին, շատ իսրայելցիների եւ միջազգային հանրությանը»:

Մայիսի 17-ին Իսրայելի 35-րդ Կառավարության երդման արարողությունից առաջ, որը ձեւավորել էր մարտի 2-ին կայացած ընտրություններից հետո, վարչապետ Բենյամին Նեթանյահուն կարծիք էր հայտնել, որ եկել է Արեւմտյան ափի հրեական բնակավայրերի եւ Հորդանանի հովտի բռնակցման ժամանակը: Կոալիցիոն համաձայնագիրը կառավարության ղեկավարին թույլ է տալիս հուլիսի 1-ից սկսել  ինքնավարության տարածումն Արեւմտյան ափի առանձին մասերի վրա՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պլանի համաձայն: Մայիսի 25-ին Նեթանյահուն հաստատել էր, որ  հուլիսին մտադիր է քայլեր իրականացնել Արեւմտյան ափի որոշ մասերի բռնակցման ուղղությամբ: