Ընդամենը մեկ ամիս առաջ ամենահեղինակավոր միջազգային կազմակերպությունը, որ հետեւում է աշխարհում ազատությունների իրավիճակին, արձանագրեց, որ իր զեկույցների ողջ պատմության ընթացքում Հայաստանն արձանագրել է երկամյա ամենաբարձր առաջընթացը ժողովրդավարության, մարդու իրավունքների, խոսքի ազատության ոլորտում: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Ազգային ժողովում 2019-ի պետական բյուջեի կատարողականի ներկայացման ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ընդհանրապես սա ամբողջ աշխարհի բոլոր կազմակերպությունների արձանագրում է: Այսօր ոմանք խոսում են խոսքի ազատության սահմանափակումներից. Ցույց տվեք երրորդ հանրապետության մեջ մի իրավիճակ, երբ առնվազն 3-4, եթե ոչ 4-5, եթե ոչ 6-7 հեռուստաալիքով առավոտից երեկո ինչքան, կներեք արտահայտությանս, քաղաքական դիակ կա, գարշահոտություն է տարածքում երկրով մեկ»,-ասաց նա:
Անդրադառնալով ԼՀԿ ղեկավար Էդմոն Մաարուքյանի ելույթին, վարչապետն ասաց.
«Ձեր ելույթի ընթացքում ես մտքով գնացի 1997 թվականի հոկտեմբերի 27: Գուցե ասոցիացիաներս սխալ են, գուցե դետալների, աշխատանքի վայրի հետ կապված սխալվեմ, բայց հոկտեմբերի 27-ին ոչ անհայտ կուսակցության պատկանող ոչ անհայտ թերթի վերջին էջում, որտեղ եթե չեմ սխալվում, աշխատում էր ձեր հիշատակած անձը, կամ գուցե չէր աշխատում, տպագրվել էր Հանրապետության հրապարակի լուսանկարը եւ հրապարակի կենտրոնում մարդկային դիակ: Մինչեւ հիմա առեղծված է, թե ինչպես հենց այդ օրը, հենց այդ նկարը լույս տեսավ այդ թերթում:
Եկեք նայենք, թե խոսքի ազատության ինչ մակարդակ կա ՀՀ-ում եւ ինչպես է այն օգտագործվում: Կառավարության նիստում ես առիթ ունեցա հիշատակել, որ երբ արտակարգ դրության հետ կապված ՀՀ-ում խոսքի ազատության սահմանափակումներ էին մտցվում, ձեր քննադատությանը, ՄԻՊ-ի հորդորներին ականջալուր լինելով, նաեւ ելնելով այն կանխավարկածից, որ սա ի վերջո համազգային հարց է, կառավարություն-ընդդիմություն հարց չի, հանեցինք այդ սահմանափակումները:
Տեսեք թե ինչ սկսվեց դրանից հետո: Այսօրվա իրավիճակի կարեւոր պատճառներից մեկը հենց դա է: Երբ ասում եք՝ ինչն ենք սխալ արել, դա ենք սխալ արել՝ ձեր հորդորներով, ժողովրդավարական կառույցների հորդորներով, որ հանել ենք այդ սահմանափակումները»,-ընդգծեց նա:











