Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի շենքում մայիսի 11-ին տեղի կունենա Հայաստանում «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» (ՄԻԿ) բացման պաշտոնական արարողությունը:

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ Կենտրոնի ստեղծմանն աջակցել են ՀՀ կառավարությունը, «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերությունը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամն ու Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը:

«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» բացման արարողությանը ներկա կլինեն Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը, «Մայքրոսֆթ»-ի, «Դելլ»-ի եւ այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ պաշտոնատար անձիք:

Միջոցառման ընթացքում կներկայացվի «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնի» մասին պրեզենտացիա, որի միջոցով ներկաները կծանոթանան կենտրոնի գործունեությանը, հետագա ծրագրերին:

Միջոցառման ավարտին կստորագրվի Հուշագիր «Մայքրոսֆթ ԱրԷյ» ընկերության, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի եւ Հայաստանի ճարտարագիտական համալսարանի միջեւ:

Նշենք, որ նորագույն տեխնոլոգիաներով համալրված այս կենտրոնի հիմնական նպատակը Հայաստանում նորարարության խթանումն է, նոր գաղափարների բացահայտումը եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) լուծումների ստեղծումն ու ներդրումը տնտեսության տարբեր ոլորտներում: