Երկու տարի է, որ Սահմանադրությունը, որի հիմնական երաշխավորը ՍԴ-ն է, բռնության է ենթարկվում: Այս մասին այսօր`հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի մոտ լրագրողների հետ զրույցի ժամանակ նշեց իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը` խոսելով Սահմանադրական դատարանում տեղի ունեցող փոփոխությունների մասին:

«Ամեն օր օրենքները այն տիպի անարգանքի եւ այլասերման են ենթարկվում, որ հետագայում շատ դժվար է լինելու դրա հետ բերումը:  Իշխանությունն  ըստ էության հասկացավ, որ անիմաստ է  փորձել մոտավոր օրենքի շրջանակներում  գործել եւ գործողություններ սկսեցին ծավալել անարխիստական տարբերակով:

Այն նախագիծը, որը սահմանադրական փոփոխություն անվանումն ունի, ըստ էության, ամբողջությամբ վկայում է հենց դրա մասին, որ  երկրում գոյություն չունի պետական ինստիտուտ`սկսած հանրապետության նախագահի ինստիտուտից, գոյություն չունի Սահմանադրություն եւ  Սահմանադրության առաջին հոդվածի իրավական եւ ժողովրդավարական պետության բոլոր նորմերը ամբողջությամբ հավասարեցված են հողին»,- ասաց  իրավաբանը:

 Ըստ նրա, եթե փաստական հանգամանքների ուսումնասիրություն կատարվի, ապա իշխող ուժը ոչ միայն իշխանության յուրացման եւ սահմանադրական կարգի տապալման համար պետք է ենթարկվի պատասխանատվության, այլեւ շատ հոդվածներ կբնութագրեն նրանց գործողությունները. «Բայց արդյունքում մենք ունենում ենք  անվերականգնելի երեւույթ` բռնաբարված Սահմանադրություն եւ բռնաբարված պետություն»,- նշեց Ռոբերտ Հայրապետյանը:

Նա ընդգծեց, որ այն հիմքերը, որով Սահմանադրական դատարանի գործող անդամները պետք է հեռացվեն ապօրինի եւ հակասահմանադրական են: «ՍԴ նոր դատավորները, հիմիկվանից նշում եւ ստորագրում եմ, որ լինելու են ոչ լեգիտիմ, որովհետեւ նշանակվելու են անօրինական ճանապարհով»,- ասաց իրավաբանը:

Անդրադառնալով հետագա զարգացումներին, նա ասաց, որ զարգացումներից մեկը այսօր Սահմանադրական դատարանի որոշումը պետք է լինի, երեկ հայտարարություն տարածած ԲՀԿ-ի եւ ԱԺ եւս մեկ պատգամավորի դիմումը  Սահմանադրական դատարան վարույթ ընդունելու կամ մերժելու վերաբերյալ:

«Հիմնական զարգացումները, որոնք պետք է տեղի ունենային տեղի չունեցան ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկի մեկ պատգամավորի ստորագրություն  դնելու ժլատության հիմքով եւ հանրապետության նախագահի  պաշտոնը ծանրաբեռնած անձի ծառայամտության եւ քաղաքական ենթարկվողականության արդյունքում, սակայն նախագահի  ձեռնպահ մնալը նրան չի ազատելու պատասխանատվությունից, քանի որ  անգործությունը եւս հանդիսանում է հանցագործություն: Որեւէ մեկը նման անարգանքի, Սահմանադրությունը նման կերպ այլասեռելու, պետական իստիտուտների հետ նման կերպ վարվելու համար պետք է կրեն պատասխանատվություն»,- ասաց իրավաբանը: