Հայաստանում լավագույն 50 երիտասարդ գիտնականները պետբյուջեից ամսական կստանան հավելյալ 50-100 հազ դրամ՝ որպես աշխատավարձ։ Այս մասին NEWS.am- Ինովացիայի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։ Նրա խոսքով՝ այն երիտասարդ գիտնականները, ովքեր կհամապատասխանեն որոշակի բարձր չափորոշիչների, սկսած 2013 թվականից  պետական բյուջեից կստանան հավելյալ աշխատավարձ։

«Այս առաջարկն արդեն հավանության է արժանացել կառավարության կողմից, եւ ներառվել է միջնաժամկետ ծրագրերում։ Այսինքն՝ հենց գումարը լինի այդ ծրագիրը կիրականցնենք»,-ասաց Ս. Հարությունյանը։ Նրա խոսքով՝ իրենք նախատեսում են երիտասարդների համար այլ ծրագրեր եւս մտածել, որոնք կնպաստեն, որպեսզի երիտասարդ հայ գիտնականներն իրենց անտեսված չզգան Հայաստանում եւ չմտածեն երկիրը լքելու մասին։