Իսլանդիայի գործող նախագահ Գուդնի Յոհանեսոնը հաղթել է երկրում կայացած նախագահական ընտրություններում։ Կիրակի իսլանդական «Մորգունբլադիդ» թերթը հաղորդել է, որ Յոհանեսոնի վերընտրվելու օգտին քվեարկել է ընտրողների 92,2 տոկոսը։
Ներկայիս նախագահի հակառակորդը՝ գործարար եւ քաղաքական գործիչ Գուդմունդուր Ֆրանկլինի Յոնսոնը, ստացել է ձայների 7,8 տոկոսը։ Ընտրողների մասնակցությունը կազմել է 66,9 տոկոս, ընտրություններին մասնակցել է 168 821 ընտրող։
2016 թվականին 48-ամյա Յոհանեսենը հաղթանակ էր տարել ընտրություններում՝ դառնալով Իսլանդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ նախագահը։ Նրա օրոք սկսվել է սահմանադրությունը վերանայելու գործընթացը, որը տեւելու է մինչեւ 2025 թվականը՝ համաձայն 2018 թվականի հունվարին կնքած կառավարական հուշագրի, հաղորդում է ՏԱՍՍ-ը։





























