Ճապոնիայի իշխանությունները մտադիր են 70 մլրդ իենի (ընթացիկ կուրսով գրեթե 652,4 մլն դոլար) օգնություն ցուցաբերել կորպորացիաներին, որոնք զբաղված են վեցերորդ սերնդի (6G) բջջային կապի համակարգի մշակմամբ, որը նախատեսվում է ներդնել մինչեւ 2030 թվականը: Այս մասին հայտնել է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրներին:

Ավելի վաղ կառավարությանն առընթեր ստեղծվել էր փորձագետների խորհուրդ՝ կազմված տեխնիկական մասնագետներից, մասնավոր բիզնեսի եւ համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչներից, որոնք պետք է մշակեն նոր ձեւաչափի ներդրման համալիր ռազմավարությունը: Ներկայումս Ճապոնիայում անցնում են հինգերորդ սերնդի (5G) կապի համակարգին: Երկիրն այս հարցում հետ է մնացել ԱՄՆ-ից եւ Հարավային Կորեայից, որտեղ 5G-ի օգտագործումն ավելի վաղ է սկսվել: Ճապոնիայի իշխանություններին մտահոգում է նաեւ համապատասխան սարքավորման մշակման գործում Չինաստանից հետ մնալը, նշում է Kyodo-ն:

Գործակալությունը նշում է, որ երկրի կառավարությունը հիմա բիզնեսի հետ համագործակցությամբ ցանկանում է լրացնել բաց թողածը եւ առաջատար դառնալ վեցերորդ սերնդի ավելի արագ եւ պաշտպանված համակարգերին անցնելու գործում: Դրանք ենթադրվում է լայնորեն կիրառել, մասնավորապես, անվարորդ տրանսպորտային միջոցներում, հեռավար բժշկական սպասարկման կազմակերպման մեջ: