Պեկինն ԱՄՆ-ին բողոք է հայտնում չինական ձեռնարկությունների վրա չհիմնավորված ճնշում գործադրելու պատճառով եւ Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել նման պրակտիկան, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են Չինաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից՝ չինական մի շարք ընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցներ մտցնելու ֆոնին:
«Ռեյթեր» գործակալությունը, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը, ավելի վաղ հայտնել էր, որ Պենտագոնը կազմել է չինական ընկերությունների ցանկ, որոնց դեմ կարող են սահմանվել ամերիկյան նոր պատժամիջոցներ: Ըստ գործակալության ԱՄՆ պաշտպանության նախարարությունը պատրաստել է 20 չինական ընկերություններից կազմված ցուցակ, որոնք, ինչպես Վաշինգտոնն է կարծում, «վերահսկվում են կամ պատկանում են Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակին»: Հաղորդվում է, որ այդ ցուցակը, մասնավորապես, ներառում է հեռահաղորդակցային Huawei եւ Hikvision ընկերությունները, ինչպես նաեւ China Mobile եւ China Telecom բջջային օպերատորներին:
«Մենք արդեն բազմիցս մեր դիրքորոշումն արտահայտել ենք չհիմնավորված ճնշման առնչությամբ, որն ամերիկյան կողմը գործադրում է չինական ձեռնարկությունների վրա: Կցանկանայինք եւս մեկ անգամ ընդգծել, որ ԱՄՆ-ն վերստին ընդհանրացնում է ազգային անվտանգության հայեցակարգը, չարաշահում է պետական իշխանությունը եւ ճնշում գործադրում չինական առանձին ձեռնարկությունների վրա, այս ամենը հակասում է շուկայական տնտեսության սկզբունքներին, որոնք ԱՄՆ-ն մշտապես գովաբանել է: Չինաստանն այս կապակցությամբ վճռական բողոք է հայտնում»,- հայտարարել են գերատեսչության մամուլի ծառայությունից:
Չինաստանի ԱԳՆ-ից շեշտել են, որ «Պեկինն ԱՄՆ-ին կոչ է անում դադարեցնել չինական ընկերությունների վրա չհիմնավորված ճնշումները, ինչպես նաեւ ապահովել ԱՄՆ-ում չինական ընկերությունների նորմալ աշխատանքի համար ազնիվ, արդարացի եւ ոչ խտրական պայմաններ»:





























