Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատում հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ 2 երկրների տարածաշրջանների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ 

Այս մասին նա ասել է այսօր` մայիսի 10-ին` Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետ Ռենցո Տոնդոյի հետ հանդիպման ժամանակ: 

Կառավարության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինին:

Կառավարության ղեկավարը բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունների ներկա մակարդակը եւ կարեւորել երկու երկրների տարածաշրջանների միջեւ ապակենտրոնացված համագործակցության զարգացումը։ 

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ռենցո Տոնդոն ներկայացրել է պատվիրակության կազմում ընդգրկված գործարարներին, ովքեր հետաքրքրված են մեր երկրի ներդրումային հնարավորություններով: Նա նշել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել Իտալիայի Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիա նահանգի եւ Տավուշի մարզի միջեւ ձեւավորված կապերն ամրապնդելու եւ զարգացնելու նպատակով:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-իտալական գործակցության խորացման հեռանկարները: Վարչապետը մանրամասներ է ներկայացրել Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի բազայի վրա նոր արագացուցչի կառուցման, դրա հիման վրա ուռուցքաբանության կենտրոնի ստեղծման եւ «Քենդլ» նախագծի վերաբերյալ: Ի պատասխան հյուրերի` ՀՀ կառավարության կողմից իրականացվող այս ծրագրերի նկատմամբ հետաքրքրվածության` Տիգրան Սարգսյանը նշել է, որ նրանք կարող են համագործակցել ՀՀ ֆիզիկայի ինստիտուտի, գիտության պետական կոմիտեի եւ Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի հետ:

Գյուղատնտեսական մթերքների վերամշակման եւ արտահանման  ուղղությամբ փոխգործակցության համատեքստում Տիգրան Սարգսյանը խոսել է «Զվարթնոց» օդանավակայանում ազատ տնտեսական գոտու, եւ, մասնավորապես, սառնարանային տնտեսության ստեղծման մասին: Կողմերը գոհունակություն են հայտնել հայ-իտալական մշակութային կապերի ընթացիկ զարգացումից:

Իր հերթին Ֆրիուլի-Վենեցիա-Ջուլիայի նահանգապետը տեղեկացրել է, որ նահանգի կենտրոն հանդիսացող Ուդինեն Իտալիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին քաղաքն է, եւ այնտեղ կա Հայկական այգի` նվիրված Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: