ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Բեռնար Ֆասիեն կարծում է, որ ԵԽԽՎ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները վերսկսելը եղել է անձամբ ԵԽԽՎ նապագահ Մեվլութ Չավուշօղլուի նախաձեռնությունը, որը ոչ թե գործնական, այլ քաղաքական նպատակներ է հետապնդում: Ինչպես NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, այսպես է իր նամակին պատասխանել Բերնար Ֆասիեն:
Զոհրաբյանի խոսքով` ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանից հետո, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը` ի դեմս Չավուշօղլուի եւ ադրբեջանական պատվիրակության, կարողացավ վերականգնել ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքները, եւ դա հաստատել Բյուրոյում, նա նամակով դիմել էր Ֆասիեին, որպեսզի ստանա ԵԱՀԿ Մինսկի խմբի արձագանքն առ այն, որ թուրք-ադրբեջանական տանդեմը փորձում է ԼՂ խնդրի լուծումը տեղափոխել ԵԽ կամ ՄԱԿ:
Զոհրաբյանը միաժամանակ նշեց, որ Ֆասիեիի պատասխան նամակում մասնավորապես նշվում է. «Ես ի գիտություն եմ ընդունում Ձեր անհանգստությունն առ այն, թե ԵԽ-ում ԼՂ հարցով ենթահանձնաժողովի առկայությունը վտանգում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո ընթացող բանակցային գործընթացը: Այդ կառույցի աշխատանքների վերականգնումը 2011 թվականին եղել է անձամբ ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուի նախաձեռնությունը եւ սոսկ ձեւական որոշման արդյունք է, որն ավելի շատ քաղաքական, քան թե գործնական նպատակներ է հետապնդում: Շտապեմ հիշեցնել Ձեզ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի պարտականությունները` լինել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողքին` օգնելու նրանց բանակցային գործընթացի միջոցով հավասարակշռված լուծում տալ ԼՂ խնդրին: Միայն բոլոր կողմերի համար ընդունելի բանակցային գործընթացը թույլ կտա ԼՂ հարցում հասնել քաղաքական որոշման»:
«Այսինքն, Ֆասիեն ընդգծում է, որ ԼՂ հարցով ենթահանձնաժողովի աշխատանքների վերսկսումը հենց Չավուշօղլուի նախաձեռնությունն է, ինչը լրացուցիչ անգամ ապացուցում է այն, ինչի մասին մինչ այդ հայտարարել էր ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակությունը: Չավուշօղլուի նպատակը ԼՂ հարցի հետ կապված հակահայկական բանաձեւի ընդունումն է, որը ենթակա է պարտադիր կատարման»,-հայտարարեց Զոհրաբյանը:





























