Հարկավոր է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին փառաբանել, նրա խոսքերն ընդունել այնպես, ինչպես որ դրանք կան եւ չմեկնաբանել: Լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն է արել ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` արձագանքելով Քոչարյանի հայտարարությունը մեկնաբանելու առաջարկին:

Ըստ այդ հայտարարության, ՀՀ քաղաքացիների սոցիալական մակարդակն իր պաշտոնավարման տարիներին եղել է ավելի բարձր, քան այժմ է: Այնուհանդերձ, Սահակյանը մեկնաբանել է Քոչարյանի խոսքերը, նշելով, որ երկրում, իհարկե, կան խնդիրներ, սակայն դրանք լուծվում են:

Պատասխանելով հարցին, թե չի՞ խանգարի արդյոք Քոչարյանի հարցազրույցը, որում նա կասկած է հայտնում իշխանություն-ընդդիմություն երկխոսության կայացման վերաբերյալ, Սահակյանը հայտարարել է. «Նախ չեմ կարծում, որ այսօր իշխանությունները մոմեր են վառում, որ անպայման ընդդիմությունը պիտի գա երկխոսելու, էդ երկխոսությունը չի կարելի հայհոյանքի պես մի բան դարձնել: Արդեն մարդիկ մեկը մյուսին որ ուզում են վիրավորել, ասում եմ` ես քեզ կերկխոսեմ»: 

Խոսելով Քոչարյանի` քաղաքական դաշտ հնարավոր վերադարձի մասին, Սահակյանը հայտարարեց, թե այդ հարցում որոշում  պետք է կայացնի անձամբ երկրորդ նախագահը: Նա միաժամանակ բացառել է Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացումը, քանի որ «դրա համար չկան համապատասխան նախադրյալներ»: Սահակյանը միաժամանակ նշել է, որ ընդդիմադիր ՀԱԿ-ը քաղաքական դաշտ է վերադառնում:

Մեկնաբանելով քաղբանտարկյալների, մասնավորապես Սասուն Միքայելյանի ազատ արձակման մասին լուրերը, Սահակյանը հայտնել է, որ այդ առնչությամբ կայացվել է քաղաքական որոշում: «Պարզապես խորհրդարանականները, գիտակցելով նրա առողջական ծանր վիճակը, դիմել են նախագահին եւ խնդրել Միքայելյանին վաղաժամ ազատ արձակել: Ահա եւ վերջ»,-հայտարարեց պատգամավորը: Նա միաժամանակ հերքեց շրջանառվող լուրերն այն մասին, թե ՀՀԿ-ի եւ ԲՀԿ-ի  հարաբերությունները լարվել են: «Դրանք սոսկ խոսակցություններ են: Ես ամեն օր շփվում են ԲՀԿ-ի իմ գործընկերների հետ, եւ մենք միասին խմոր ենք հունցում եւ լավաշ թխում»: