Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ առկա սահմանի 300 կիլոմետրն արդեն համաձայնեցված է, մնում է համաձայնեցնել եւս 180 կիլոմետր: Այս մասին հայտնել է Ադրբեջանի հողային եւ քարտեզագրման պետական հանձնաժողովի ղեկավար Ղարիբ Մամեդովը: «Այժմ դիվանագիտական խողովակների միջոցով մենք ճշտում ենք նոր հանդիպման կայացման օրը, որի ընթացքում վրացական կողմի հետ քննարկելու ենք սահմանի հետ կապված հարցերը»,-հայտնել է Մամեդովը:
Ինչ վերաբերում է Իրանի եւ Թուրքիայի հետ Ադրբեջանի սահմանին, նա հայտնել է, որ այդ երկրների հետ դեմարկացիոն գծի հետ կապված խնդիրներ չկան, սակայն կան պետական սահմանի սահմանային նշանների, գծերի վերականգնման խնդիրներ: «Բանն այն է, որ անցած մի քանի տարիների ընթացքում ենթակառուցվածները մաշվում են, ջնջվում են նշաններն եւ ցուցանակները, եւ դրանց վերականգնման հարցերն եւ հարակից այլ հարցեր կլուծվեն երկու երկրների միջեւ քննարկումների արդյունքում»,-նշել է Մամեդովը:
Հիշեցնենք, որ օրերս «Շարժում հանուն արդար Վրաստանի» վրացական կազմակերպության ներկայացուցիչ Շոթա Ջամասպիշվիլին հայտարարել էր, թե ադրբեջանական կողմը մշտապես Ալազանիի ափի ամրացման աշխատանքներ է կատարում, ինչը չի անում Վրաստանի կառավարությունը։ Գետի հունը փոխվելու պատճառով, ըստ նրա, Վրաստանը տարածքներ է կորցնում։ «Շատ շուտով ադբեջանցիները կյուրացնեն այդ հողերը եւ Վրաստանին դժվար կլինի դրանք հետ վերադարձնել»,-հայտարարել էր Ջամասպիշվիլին:




























