«Ժառանգություն» կուսակցությունը բանակցություններ չի վարում որեւէ քաղաքական ուժի կան գործչի հետ` նախընտրական բլոկ ստեղծելու նպատակով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը: Միաժամանակ, նա ընդգծել է, որ իրենց կուսակցությունը բանակցություններ է վարում Հայ ազգային կոնգրեսի առանձին գործիչների հետ, բայց ոչ թե նախընտրական միավորումներ ստեղծելու, այլ երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: «Դեռ վաղ է կանխատեսել, թե ինչի կհանգեցնեն այդ բանակցությունները հետագայում»,- ասել է Սաֆարյանը:
Խոսելով քաղաքական դաշտում ստեղծված վիճակի մասին, ընդդիմադիր պատգամավորն ասել է, որ ներկայումս այն փոփոխությունների է ենթարկվում: Սաֆարյանը կարծում է, որ Սերժ Սարգսյանը ապահովագրել է իրեն, քաղաքական դաշտում ստեղծելով այնպիսի վիճակ, որի պարագայում որեւէ նոր քաղաքական միավորի ստեղծումը չի կարող վնաս հասցնել իր իշխանությանը:





























