Ուկրաինայի Յալթա քաղաքի իրավապահները ձերբակալել են 40-ամյա մի հայաստանցու, ով տեւական ժամանակահատված գողությամբ է զբաղվել եւ ներկայացել երկվորյակ եղբոր անունով։

«Հանցագործը ամեն կերպ փորձում էր իրավապահներին մոլորեցնել եւ ներկայանում էր երկվորյակ եղբոր անունով, ով ներկայումս ապրում է Բրիտանիայի տարածքում ու երբեք չի այցելել Ղրիմ»,- crimea.vgorode.ua-ին նման մեկնաբանություն են տվել  Ուկրաինայի ոստիկանությունում:

2010թ. ձերբակալված հայաստանցին, ում անունը չի նշվում, կասկածվել է մի քանի գողության մեջ, սակայն կարողացել է մոլորեցնել միլիցիոներներին։ Այս տարվա մայիսի 7-ին հանցագործին բռնել են հենց «գործի վրա»։ Նա երկու բջջային հեռախոս է գողացել, որոնց միջոցով էլ իրավապահները դուրս են եկել նրա հետքի վրա։ Իրավապահները պարզապես զանգահարել են հեռախոսներից մեկին, որն այդ պահին եղել է «վիրտոզի» գրպանում։

«Փորձառու հանցագործի կողմից նման թերացման պատճառը ալկոհոլն է եղել»,- մեկնաբանել են միլիցիայում։