Լիբիայում ապստամբներն այսօր` մայիսի 11-ին հայտարարել են, որ իրենց վերահսկողության տակ են վերցրել Միսուրատա քաղաքի օդանավակայանը, որը մինչ այդ զբաղեցնում էին Մուամար Քադաֆիի զորքերը:

Երկու կողմերի զոհերի ու վիրավորների թիվն անհայտ է: Օդանավակայանի գրավումը կարեւոր հաջողություն է ապստամբների համար, քանի որ մինչ այդ պաշարված Միսուրատան արտաքին աշխարհի հետ կապվում էր միայն նավահանգստով:

Այսօր տեղեկություններ են ստացվել, որ ՆԱՏՕ-ի ուժերը ավիահարվածներ են հասցրել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլիում իշխանական օբյեկտներին: ՆԱՏՕ-ի հրամանատարությունը կրկին հայտարարել է, որ հարվածների նպատակը Քադաֆիին սպանելը չէ, բայց նրա հայտնվելը այս կամ այն ռազմական օբյեկտում, նրան դարձնում է «օրինական թիրախ» կոալիցիոն ուժերի համար: