Իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսություն միշտ էլ իրականացվում է եւ այն հրապարակային է: Այս մասին այսօր` մայիսի 11-ին լրագրողների հետ զրույցում ասել էՀայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը, ընդգծելով, որ ինքն անձամբ դրական է վերաբերում այդ երկխոսությանը:
Վարչապետը նշել է, որ իշխանությունները միշտ էլ ընդդիմությանը հրավիրել են երկխոսության: Որպես օրինակ Տ. Սարգսյանը հիշեցրել է, որ իշխանությունն ընդդիմությանն առաջրկել էր աշխատել հակակոռուպցիոն կոմիտեի մոնիտորինգային խմբում: Վարչապետը հավաստիացրել է, որ նորմալ է վերաբերում ընդդիմության` իշխանությունների հրաժարականի պահանջին, քանի որ դա բնորոշ է աշխարհի բոլոր երկրների ընդդիմություններին:
«Մենք շատ հարգանքով ենք վերաբերում ընդդիմության բոլոր հայտարարություններին»,- նշել է կառավարության ղեկավարը, միաժամանակ բացառելով արտահերթ ընտրությունների հնարավորությունը Հայաստանում, քանի որ դրա համար, ըստ նրա, նախադրյալներ չկան:
Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը, հրաժարվել է մեկնաբանել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, թե իր իշխանության տարիներին բնակչության կենսամակարդակը ավելի բարձր է եղել, քան` հիմա:



























