Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայության հերթապահ մաս այսօր` մայիսի 11-ին ժամը 18:00-ին ահազանգ է ստացվել, որ Տիչինայի փողոցում` «Բանկի կրուգի» մոտ խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են մեկնել Հայաստանի փրկարար ծառայության փրկարար հատուկ ջոկատի եւ Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: Պարզվել է, որ դեռեւս անհայտ պայմաններում իրար են բախվել միանգամից յոթ ավտոմեքենա: Այդ թվում` Lexus, Volkswagen Golf, ՎԱԶ-2102 մակնիշի ավտոմեքենաներ եւ ԳԱԶԵԼ-ներ: ՎԱԶ-2102-ի միջից մարդուն հանելու համար փրկարարները հատուկ տեխնիկա են օգտագործել:

Վթարի վայրից շտապօգնության հիվանդանոց են տեղափոխել 4 մարդու, որոնցից մեկի վիճակը, նախնական տեղեկություններով, ծայրահեղ ծանր է: Նրանք են«ՎԱԶ-2102»-ի վարորդ 43-ամյա Աթման Այդարյանը, նրա կինը` 43-ամյա Զինա Մստոյանը եւ որդին` 15-ամյա Մրազ Այդարյանը, ինչպես նաեւ թիվ 31 երթուղու ԳԱԶԵԼ-ի ուղեւորուհի 46-ամյա Նազիկ Այվազյանը:

Փրկարարների հետ դեպքի վայր էին ժամանել նաեւ «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության ներկայացուցիչները:

Այս պահին դեպքի վայրում աշխատում են ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի չորս քննիչներ` Արտաշես Վանյանը, Խաչիկ Սամվելյանը, Լյովա Կարապետյանը եւ ՃՏՀ քննության բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեւոն Շմավոնյանը:

Դեպքի վայրում խցանումը վերացնելու համար ժամանել են Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները` Երեւանի ՃՈ պետ Արսեն Մարդոյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են հրավիրել մի քանի քարշակ մեքենաներ, որ քննչական աշխատանքներից հետո մեքենաները տեղափոխվեն տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Լյովա Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները  եւ  տեսանյութը՝  Գագիկ  Շամշյանի