Հայաստանն ընտրել է բարեփոխումների ճանապարհը, եւ այդ բարեփոխումների իրականացման հարցում չափազանց կարեւոր է Եվրամիության հետ համագործակցությունը: Այս մասին այսօր` մայիսի 11-ին Երեւանում հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը` Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ հանդիպման ժամանակ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-ԵՄ համագործակցության, Հայաստանում իրականացվող բարեփոխումների, Արեւելյան գործընկերության ծրագրի միջոցառումների ընթացքի, միջկուսակցական փոխգործակցության եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:
Սերժ Սարգսյանը կարեւորել է նաեւ Եվրոպական ժողովրդական կուսակցության հետ Հայաստանի Հանրապետական կուսակցության հարաբերություններն ու համագործակցությունը, որն ըստ նրա, անհրաժեշտ է ոչ միայն ՀՀԿ-ին, այլեւ` մեր երկրին ընդհանրապես:
ԵԺԿ նախագահ Վիլֆրիդ Մարտենսը խոսելով հայաստանյան իր հագեցած աշխատանքային ծրագրի շրջանակներում ունեցած բազմաթիվ հանդիպումներից ստացած տպավորությունների մասին` դրանք որակել է գերազանց, այցը համարել` կարեւոր եւ հետաքրքիր: ԵԺԿ նախագահի խոսքով, նախատեսված բարեփոխումների մեծ մասն իրականացվել է, իսկ մի մասը գտնվում է իրականացման ընթացքում: Նա կարեւոր է համարել այն կամքը, որ նկատելի է երկրում բարեփոխումներն ավարտին հասցնելու գործում:




























