ԵՄ արտաքին գործերի նախարարները չեն բացառում Թուրքիայի դեմ պատժամիջոցների սահմանումը Արեւելյան Միջերկրականում էներգակիրների հետախուզության հետ կապված «Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտման» պատճառով, հայտնում է Euronews-ը: 

Երկուշաբթի Բրյուսելում ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը կորոնավիրուսի ժամանակահատվածում առաջին անգամ առերես ձեւաչափով է ընթացել, նշվել է, որ Թուրքիան նավեր է ուղարկել Միջերկրական ծովի շրջանում գազահորատման աշխատանքների համար: Կիպրոսի հայտարարությամբ՝ ինքն այդ շրջանի նկատմամբ էքսկլյուզիվ իրավունքներ ունի:

ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ժոզել Բորելը օգոստոսին պետք է ներկայացնի Թուրքիայի դեմ նպատակաուղղված միջոցառումների ցանկը, որոնք գործարկվելու են Հունաստանի եւ Կիպրոսի ինքնիշխան իրավունքների խախտման դեպքում: «Մենք կպատրաստենք հետագա համապատասխան միջոցառումների տարբերակներ, որոնք կարող են ընդունվել ի պատասխան Անկարայի գործողությունների հետեւանքով առաջացած մարտահրավերների»,- նշել է Բորելը:

«Լայն կոնսենսուս է ձեռք բերվել լրացուցիչ միջոցառումների ցուցակը կազմելու հարցում, ինչը նշանակում է պատժամիջոցներ, որոնք ԵՄ-ին թույլ կտան արդյունավետորեն արձագանքել այն դեպքում, եթե Թուրքիան շարունակի իր հարձակողական եւ բռնի գործողությունները»,- նիստի արյունքներն է մեկնաբանել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը:

Հանդիպմանը միաժամանակ աջակցություն է ստացել Բորելի գաղափարը, որով նախատեսվում է «լարվածության թուլացման եւ Եվրամիության ու Թուրքիայի միջեւ փոխըմբռնման հասնելու հետագա ուղիների ուսումնասիրում»: