Եմենում տեղի ունեցած անկարգությունների արդյունքում անցած մի քանի օրերի ընթացքում 17 մարդ է զոհվել։ Բացի այդ, հարյուրավոր մարդիկ վիրավորվել են, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։

Բախումները մայրաքաղաքում սկսվել էին նրանից հետո, երբ հազարավոր ցուցարարներ շարժվել էին կառավարության շենքի ուղղությամբ։ Շենքը պահպանող գվարդիականները փորձել են դիմագրավել բազմությանը, սկսել են օդ կրակել, իսկ հետո՝ մարդկանց ուղղությամբ։ Արդյունքում զոհվել է 10 ցուցարար։

Այնուհետեւ ընդդիմության կողմնակիցները փորձել են ներխուժել պետական հեռուստառադիոընկերության շենք, սակայն նրանց փորձն այս անգամ եւս կասեցվել է։ Ականատեսների վկայությամբ, բազմության ուղղությամբ կրակ են բացել դիպուկահարները։

Անկարգությունները Եմենում չեն դադարում արդեն երեք ամիս։ Ամեն օր փողոց են դուրս գալիս տասնյակ հազարավոր ցուցարարներ՝ պահանջելով 30 տարի երկիրը ղեկավարող նախագահ Ալի Աբդալլի Սալեհի հրաժարականը։