Կեսժամյա ընդմիջումից հետո շարունակվեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը:
Հիշեցնենք, որ այսօր Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանները միջնորդություններ են ներկայացնում: Նիստի առաջին կեսում Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը ներկայացրեց ՍԴ դիմելու եւ գործի քննությունը կասենելու միջնորդություն:
Երկրորդ կեսին Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր միջնորդությունը: Նա նշեց, որ ՍԴ-ում դիմում կա 300.1 հոդվածի սահմանադրականությունը որոշելու հետ կապված, բայց չկա ՍԴ եզրակացությունը 300 հոդվածի կապակցությամբ, որին փոխարինել է 300.1 հոդվածը: Այսինքն՝ 300.1 հոդվածի համանմանությամբ պետք է գնահատական տրվի 300 հոդվածի սահմանադրականությանը, որը գործել է ենթադրյալ հանցագործության պահին:
Նրա խոսքով՝ դա չի մեծացնի դատարանի ծանրաբեռնվածությունը, իսկ իրավական առումով շատ հարցերի պատասխանները կտա, առանց որոնց դատավարությունը շարունակելն անիմաստ է: «Որովհետեւ եթե 300 հոդվածը Սահմանադրությանը չի համապատասխանում, մենք բոլորս պետք է այս դահլիճը լքենք, քանի որ 300.1 հոդվածը մինչեւ 2009 թվականը գոյություն չի ունեցել»,- պարզաբանեց փաստաբանը՝ հավելելով, որ 300 հոդվածի իրավական անորոշությունն է դարձել ՔՕ բարեփոխման եւ 300.1 հոդվածի ի հայտ գալու պատճառը:
Չնայած Խուդոյանը չպնդեց գործի կասեցումը, հիշեցրեց, թե տրամաբանությունը որոշակի գործողություններ է թելադրում, եւ դատարանը չի կարողանա շատ որոշումներ կայացնել մինչեւ այս հարցը չպարզվի:
Փաստաբան Արամ Վարդեւանյանը հիշեցրեց, որ Հայաստանում կա ուժը կորցրած հոդվածով քննության նախադեպ եւ պրակտիկա: «Եթե անգամ դատարանի մոտ կասկածներ չեն առաջացել, կարծում եմ՝ տեղին կլիներ այս հարցի պարզաբանումը»,- նշեց փաստաբանը: Այսպիսով, ՍԴ-ում եղած դիմումի հետ ոչ մի հակասություն չկա:
Փաստաբան Հայկ Ալումյանը նշեց, որ դատարանը պետք է պատասխանի մի քանի հարցերի՝ անորոշությունն արդյոք առաջացնո՞ւմ է Սահմանադրության հետ հակասության նորմեր: 300 հոդվածը խնդիրներ ունի՞ իրավական որոշակիության հետ կապված: Իհարկե, այո. եւ դա ընդունել է խորհրդարանը, հիշեցրեց փաստաբանը: Եվ վերջապես՝ 300 հոդվածը կարո՞ղ է արդյոք կիրառվել այս գործով, ամփոփեց փաստաբանը՝ նշելով, որ պաշտպանության կարծիքով՝ այո կարող է:
Փաստաբան Միհրան Պողոսյանը (Յուրի Խաչատուրովի փաստաբանը) համաձայնվեց գործընկերների այն կարծիքին, որ այս հարցը բացառապես իրավական է, որը կանխորոշում է դատավարությունը: «Սա մեղադրանքի մասն է: Մինչեւ մենք հստակ պատասխան չունենանք, չենք կարող դիրքորոշում հայտնել մեղադրանքի առնչությամբ: Մենք պետք է հասկանանք՝ մեր նկատմամբ կիրառելի՞ է նախկին ձեւակերպմամբ 300 հոդվածը, որպեսզի մեղադրանքը գնահատենք: Մենք չենք կարող անցնել հաջորդ փուլին, մինչեւ չպարզենք այս հարցը»,- շեշտեց Պողոսյանը:
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը (Արմեն Գեւորգյանի փաստաբանը) գործընկերներին աջակցեց:
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը ելույթը սկսեց այն փաստի արձանագրմամբ, որ տուժած կողմի ներկայացուցիչը դահլիճից հեռացել է՝ դժգոհ լինելով նստելու համար իրեն առաջարկված տեղից: Դատախազը դրա մեղքը տեսավ պաշտպանական կողմի առաջարկի մեջ, որը պնդում էր սոցիալական հեռավորության պահպանման համար պայմանների ստեղծումը, եւ դատարանին խնդրեց պայմաններ ապահովել դատավարության դժգոհ կողմի մասնակցության համար:
Անցնելով միջնորդության էությանը՝ դատախազը չհամաձայնվեց պաշտպանության բերած փաստարկների հետ: Դատախազը սկսեց դատարանին բացատրել, որ ՔՕ հոդվածներում ամրագրված դրույթները վերացական բնույթ ունեն: Դատախազի խոսքով՝ եվրոպական կառույցները, ԵԽԽՎ-ն ընդհանրապես ոչ մի բան չեն հայտարարել ՔՕ 300 հոդվածի իրավական անորոշության մասին: ԵԽԽՎ-ն չէր կարող արձանագրել հոդվածի անորոշությունը, հայտարարեց Բաղդասարյանը:
Դատախազ Կարեն Բիշարյանը կարճ հայտնեց, որ գործընկերոջն աջակցում է:





























