Հայաստանի կենտրոնական բանկը խորհրդարանին է ներկայացրել 2010թ. դրամավարկային քաղաքականության հաշվետվությունը:

Ինչպես խորհրդարանի ամբիոնից հայտարարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, արդեն 2009թ. երկրորդ կեսից միջազգային ասպարեզում արձանագրված կայունացման ազդեցության շնորհիվ Հայաստանում նույնպես մակրոտնտեսական ցուցանիշների կայունացում է արձանագրվել: Այսպես, 2010թ. արձանագրվել է 2,1 տոկոս տնտեսական աճ, ինչին նպաստել է արդյունաբերության եւ սպասարկման ոլորտների աշխուժացումը:

Այդ ոլորտներում աճը կազմել է համապատասխանաբար 4,6 եւ 9,5 տոկոս: Տնտեսության աճին, ըստ Ջավադյանի, մեծամասամբ նպաստել է վարկավորման աճը: Այսպես, 2010թ. բանկերի վարկային պորֆելը աճել էր 185 մլրդ դրամով կամ 16,3 տոկոսով, իսկ բանկային ակտիվները` 235 մլրդ դրամով կամ 15 տոկոսով: Բանկային վարկավորման կառուցվածքում 2010թ. մեծ բաժինը կազմել են բիզնես-վարկերը, որոնք աճել են 32 տոկոսով: Այդ վարկերը հիմնականում ուղղվել են արդյունաբերության եւ ծառայությունների ոլորտներ: 19,8 տոկոսով աճել է տնային տնտեսությունների վարկավորումը:

Ըստ Ջավադյանի, դրական միտումները պայմաններ են ստեղծում տնտեսության վերականգնման եւ հետագա զարգացման համար: Այդ ֆոնին աստիճանաբար աճում են բանկային վարկերի տոկոսադրույքները: Դա կառավարության հակաճգնաժամային քաղաքականության արդյունքն է: