Դատարանը հետաձգեց Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի փաստաբանների միջնորդություններով որոշման կայացումը՝ մինչեւ դատավարության համար կարեւոր հանգամանքների պարզվելը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, փաստաբան Կարեն Մեժլումյանը միջնորդել էր ՔՕ 300 հոդվածի (գործել է ենթադրյալ հանցագոծության պահին, հետագայում փոխարինվել է 300.1 հոդվածով) սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու եւ գործը կասեցնելու մասին, փաստաբան Հովհաննես Խուդոյանը միջնորդել էր 300 հոդվածի սահմանադրականության հարցով ՍԴ դիմելու մասին:
Փաստաբանների կարծիքով՝ առանց 300 հոդվածի սահմանադրականության որոշման անհնար է առաջադրված մեղադրանքը գնահատել:
Դատավոր Աննա Դանիբեկյանը կողմերին լսեց եւ որոշեց, որ այս փուլում անհնար է որոշում ընդունել: Նա հիշեցրեց, որ հարցը քննվում է ՍԴ-ում, ներկայացվել է վճռաբեկ բողոք: Այս կապակցությամբ միջնորդություններով որոշումը հետաձգվում է մինչեւ ՍԴ եւ Վճռաբեկ դատարանների որոշումների ընդունումը:
Փաստաբան Կարեն Մեժլումյանը չհամաձայնվեց դատարանի որոշման հետ: Փաստաբան Հովհաննես Խուդոյանը նշեց, որ լսեց դատարանի հիմնավորումները եւ խնդրեց դրանք նորկայացնել՝ դատարանի գործողությունները բողոքարկելու հնարավորություն ունենալու համար: Դատավորը նշեց, որ հիմնավորումները ներկայացված են, եւ ինքը պարտավոր չէ պարզաբանումներ տալու:
Հայտարարություններին արձագանքեց դատավորը՝ հայտարարելով, որ անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծված են, եւ ինքը մտադիր չէ վերադառնալու հարցի քննարկմանը: Ինչ վերաբերում է տուժած կողմի ներկայացուցչի վրդովմունքին, Դանիբեկյանը նշեց, որ իրավիճակն անհարմարություններ է ստեղծում բոլորի համար, եւ այդ հարցին եւս մտադիր չէ վերադառնալու:





























