Երեւան քաղաքի զբոսաշրջության զարգացման հիմնական մոտեցումներն ու ծրագրերն են քննարկվել Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի եւ զբոսաշրջային ու այդ ոլորտի շահագրգիռ ավելի քան 90 կազմակերպությունների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կ. Կարապետյանն ընդգծել է, որ զբոսաշրջային հնարավորությունների թիրախավորված առանձնահատկությունները պետք է մատնանշեն այդ ոլորտում մասնագիտացած մասնավոր ընկերությունները:
Կարեւորելով Երեւանի զբոսաշրջության զարգացման հրամայականը, ինչպես նաեւ մայրաքաղաքի զբոսաշրջային միասնական հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը, քաղաքապետը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է փոխգործակցել շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
«Երեւանը աշխարհին ներկայանալու լավ հնարավորություններ ունի, բայց ցավոք այդ ամենը շատ վատ է կազմակերպված: Ըստ էության, Երեւան բրենդը ընդհանրապես ներկայացված չէ աշխարհում ու դա, կարծում եմ կհամաձայնեք, որ հիմնականում ձեր բացթողումն է: Մենք պատրաստ ենք լսել կառուցողական ցանկացած առաջարկ, որպեսզի միասին կարգավորենք այս դաշտը»,- նշել է քաղաքապետը:
Կարապետյանը գործակալություններին առաջարկել է ակտիվորեն համագործակցել Երեւանի քաղաքապետարանի հետ, ներկայացնել ծրագրային հստակ առաջարկներ, ինչպես նաեւ կարծիքներ, թե ինչ սպասելիքներ ունեն զբոսաշրջային գործունեության դաշտում ներգրավված ընկերությունները քաղաքապետարանից` Երեւանը զբոսաշրջության առումով առավել գրավիչ դարձնելու հարցում:
Ընկերությունների ներկայացուցիչները խոստացել են առաջիկայում առավել հստակ առաջարկների փաթեթ ներկայացնել:




























