Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր` մայիսի 12-ին կառավարության քննարկմանը ներկայացրեց «Հայրենադարձության մասին» օրենքի նախագիծ: Նախաձեռնությունը արժանացավ նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանի հավանությանը, ով այն անվանեց «լուրջ քաղաքական բովանդակություն ունեցող նախագիծ»:
Օրենքի նախագծով «ծագումով հայ» են համարվում բոլոր նրանք, ում ծնողներից կամ նախնիներից մեկը հայ է, ինչպես նաեւ` «հայ ազգին սեփական պատկանելությունը գիտակցելու եւ ընդունելու հիմքով»:
Ծագումով հայ լինելը որոշելու համար կարող են հիմք հանդիսանալ անձնագիրը, ծննդյան վկայականը, մկրտության փաստաթուղթը, ինչպես նաեւ նրա բնակության երկրի հայ համայնքային կառույցի կամ եկեղեցական թեմի կողմից տրված պաշտոնական փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում` նշված անձի հետ անցկացված հարցազրույցի արդյունքները:
Որոշ դեպքերում հայրենադարձի կարգավիճակի տրամադրումը կարող է մերժվել: Մասնավորապես` Սփյուռքի նախարարությունն առաջարկում է միանշանակ մերժել հանցագործության համար նախկինում կամ ներկայում դատապարտված անձանց;
Առաջարկվում է հայրենադարձների համար սահմանել որոշ արտոնություններ` արտոնյալ վարկեր, հայոց լեզվի անվճար ուսուցում եւ այլն:





























