Ադրբեջանի իրավապահ մարմինները ձերբակալել են «Ադրբեջանի ժողովրդական ճակատ» կուսակցության երիտասարդական կոմիտեի փոխնախագահ Էլնուր Մեջիդլիին: Այս մասին «Ազադլիգ» ռադիոկայանին հայտնել է նրա հայրը` Արզուման Մեջիդլին: Նրա խոսքով, Էլնուրին ձերբակալել են ապրիլի 2-ին Բաքվում կազմակերպված բողոքի ակցիային մասնակցելու համար: «Իմ որդին հանցագործ չէ եւ նրա ձերբակալումն անօրինական է»,- ասել է հայրը, նշելով, որ որդուն ձերբակալել են 48 ժամով:
Ձերբակալվածը հետախուզման մեջ գտնվող մեկ այլ երիտասարդ ակտիվիստի անվանակիցն ու ազգանվանակիցն է, ով ներկայումս գտնվում է Ֆրանսիայում: Ադրբեջանում մինչ օրս երկու ամսով կալանավորված են ապրիլի 2-ի ակցիայի 13 մասնակիցներ: Նրանցից մեկն ազատ է արձակվել, բայց գտնվում է ոստիկանության հսկողության ներքո:




























