Մի խումբ պատգամավորներ` Խաչիկ Հարությունյան (ՕԵԿ), Միշա Ստեփանյան (ՀՀԿ), Հեղինե Բիշարյան (ՕԵԿ), Վահագն Մախսուդյան (ԲՀԿ) եւ Իշխան Խաչատրյան (ՕԵԿ) օրենսդրական նախաձեռնության կարգով առաջարկում են արգելել գյուղատնտեսական ու ոչ գյուղատնտեսական հողերում խոզանների, բուսական մնացորդների ու չորացած բուսականության այրումը: Պատգամավորներն իրենց առաջարկը հիմնավորել են նրանով, որ այրման հետեւանքով մթնոլորտ են արտանետվում մեծ քանակությամբ ջերմոցային եւ վնասակար նյութեր, խախտվում է հողածածկույթի կառուցվածքը, մեծ վնաս է հասցվում էկոհամակարգին, նաեւ կրակը հաճախ տարածվում է`անդառնալի վնաս պատճառելով անտառային էկոհամակարգին:
Պատգամավորներն առաջարկում են տուգանք նշանակել նվազագույն աշխատավարձի 50-ապատիկի չափով նման գործողություններն կատարողների նկատմամբ;
Կառավարության այսօրվա`մայիսի 12-ի նիստում հիմնականում հավանություն տվեց այդ նախաձեռնությանը: Կառավարության դրական եզրակացությունը ներկայացրեց բնապահպանության նախարարը: Հատկանշական է, որ կառավարության եզրակացության մեջ հաշվի չի առնվել գյուղատնտեսության նախարարի առարկությունը: Սերգո Կարապետյանն իր եզրակացության մեջ նշել է, որ գյուղատնտեսական տարածքներում կույտավորված բուսական մնացորդների եւ չորացած բուսականության այրումը նպաստում է վնասատուների, դրանց ձվերի ու թրթուրների ոչնչացմանը եւ հանդիսանում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների ու վնասատուների դեմ պայքարի միջոց: Ուստի դրա արգելքը գյուղատնտեսական տարածքներում նպատակահարմար չէ:





























