Երկու հայեր Նաբերեժնիե Չելնիում որոշել են գումար վաստակել կեղծ կոնյակ իրացնելով, սակայն նրանց խանգարել են քաղաքի ՆԳ վարչության տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի բաժնի աշխատակիցները: Ոստիկաններն այսօր`, մայիսի 12-ին հայտնաբերել եւ առգրավել են շուրջ 6 հազար շիշ կասկածելի որակի սպիրտ պարունակող հեղուկ, որը վաճառվում էր որպես դաղստանյան կոնյակ:
Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստին»` վկայակոչելով ՆԳՆ մամուլի ծառայությունը, հանրապետությունում կազմակերպվել է 1,4 հազար շիշ կոնյակի ստուգողական գնում («Կիզլյար», «Դաղստան» եւ «Լեզգինկա» պիտակներով): Դա արժեցել է 500 հազար ռուբլի: Կոնյակի պահեստներից մեկից հայտնաբերվել է եւս շուրջ 4,5 հազար շիշ ալկոհոլային արտադրանք` շուրջ 1,5 մլն ռուբլու:
Փորձաքննությունը ցույց է տվել, որ այդպիսի կոնյակի օգտագործումը վտանգավոր է մարդու առողջության համար:
Ներկայումս պարզվում է ալկոհոլային արտադրանքի ծագումը: Հայաստանցի երկու ձերբակալվածների դեմ քրեական գործ կհարուցվի` անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքների արտադրության, պահման եւ տեղափոխման հոդվածի հատկանիշներով: Դա նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: Ձերբակալվածների անունները չեն հաղորդվում:




























