Մենք լրատվամիջոցների մեծամասնության գրագետ, փայլուն ու նվիրված աշխատանքի կողմից տեսնում ենք երբեմն թերացումներ, սխալներ, թե դիտավորություն, երբ դեռ չճշտված, նույնիսկ դեռ հակառակորդի կողմից չփաստված գործողությունների հրապարակում է լինում մեր լրատվական դաշտում: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իջեւանում ստեղծված լրատվական ճգնաժամային կենտրոնի պատասխանատու Արծրուն Հովհաննիսյանը:
«Կամ երբ հակառակորդի գործողությունն անվանում են հակահարված, երբ ԱԹՍ-ի մեկ հարվածը գնահատվում է որպես ստրատեգիական: Խնդրում եմ՝ նման բաներից զերծ մնալ: Այս լրատվական կենտրոնի ֆորմատը, պլանային բրիֆինգները, առաջնագծին հնարավորինս մոտենալով նյութեր վերցնելը, թափանցիկ հաղորդագրությունները… ՊՆ խոսնակը ինտենսիվ աշխատում է: Մենք որեւէ բան լրացուցիչճշտելու կարիք չունենք, ինչի՞ է պետք դրանից բացի սպասել աննորմալ այլ երեւույթների»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօր կարող է ունենան չնախատեսված բրիֆինգ, որի մասին լրացուցիչ կհայտնեն:
Հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը տարհանում է իր սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, Արծրուն Հովհաննիսյանը պատասխանեց. «Ադրբեջանական բնակավայրերից բնակչությանը հանելու մասին ես տեղեկատվություն չեմ կարող տալ, բայց շատ հավանական է դա. «Մենք արդեն ադրբեջանական լրատվամիջոցներում նման տեղեկություններ ենք տեսնում, բայց շուռ են տալիս, թե իբր այդ ժողովուրդը ոտքով գալիս էր առաջնագիծ: Տարօրինակ է, թե կինը երեխան գրկին ինչպե՞ս է գալիս առաջնագիծ»:





























