Կենտրոնական հետախուզական վարչությունը, օգտագործելով նոր լիազորություններ, անցկացրել է ագրեսիվ գաղտնի կիբերգործողություններ ընդդեմ այնպիսի երկրների, ինչպես Իրանը, Հյուսիսային Կորեան, Չինաստանը եւ Ռուսաստանը։

Գործողությունները սկսվել են, երբ նախագահ Դոնալդ Թրամփը ԿՀՎ-ին տվել է «լայն լիազորություններ» 2018 թվականին՝ ստորագրելով «նախագահական հրաման», հաղորդում է Yahoo News-ը՝ հղում անելով ԱՄՆ-ի պաշտոնական անձանց։

Հրամանի համաձայն՝ նախագահը թույլատրել է գաղտնի գործողություններ, որոնք անհրաժեշտ են «արտաքին քաղաքականության որոշակի նպատակներ» իրացնելու համար, որոնք համարվում են «կարեւոր Միացյալ Նահանգների անվտանգության համար»։

Թույլտվությունը չեղարկում է «բազմաթիվ սահմանափակումներ, որոնք եղել են նախկին վարչակազմերի ժամանակ», եւ օժտում ԿՀՎ-ին սեփական գաղտնի կիբերգործողություններն իրականացնելու համար ավելի մեծ հնարավորություններով, գրում է Yahoo News-ը։

Երկրները, որոնք հիշատակվել են որպես հնարավոր թիրախներ, ներառում են Ռուսաստանը, Չինաստանը, Իրանը եւ Հյուսիսային Կորեան։ «Սպիտակ տունը ցանկացել է, որ մեխանիզմը պատասխան հարված հասցնի։ Եւ դրանով հնարավոր էր իրականացնել այդ նպատակը»,-հայտարարել է ԱՄՆ կառավարությունից նախկին պաշտոնյան։

Նոր լիազորությունները մեծ ազատություն են տվել ԿՀՎ-ին «վնաս հասցնել հակառակորդի խիստ կարեւոր ենթակառուցվածքներին, ինչպիսին են նավթաքիմիական գործարանները, եւ հաքերական գործողություններում լայն մասնակցություն ունենալ, որոնք կիրառել են ռուս հաքերներն ու WikiLeaks-ը։

Եւս մեկ փոփոխություն է «ապացուցողական պահանջների» մեղմումը, ինչն ընդլայնել է ԿՀՎ-ի հնարավորությունները գաղտնի կիբերգործողություններ անցկացնելու հարցում ընդդեմ «լրատվական, բարեգործական, կրոնական կազմակերպությունների կամ ձեռնարկությունների, որոնք, ինչպես համարվում է, գործում են հակառակորդների եւ արտաքին հետախուզական ծառայությունների անունից»։