Եվրոպական ժողովրդական կուսակցությունը խորը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին վերջին օրերի զարգացումների կապակցությամբ եւ ռազմական գործողությունները դադարեցնելու կոչ արել։ Այս մասին ասված է ԵԺԿ պաշտոնական թվիթերյան էջում։

«Մենք խորապես մտահոգված ենք Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին լարվածության  վերջին բռնկման կապակցությամբ։ Հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մանդատի և նրանց առաջարկած Հիմնարար սկզբունքների շրջանակում։

Բոլոր ներգրավված կողմերին կոչ ենք անում խստորեն հարգել հրադադարը և անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները`  հատկապես քաղաքացիական բնակչության շրջանում հետագա զոհերից խուսափելու համար», նշված է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ ՄԽ-ի համանախագահների առաջարկած Հիմնարար սկզբունքներն են ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, տարածքային ամբողջականությունը, ուժի կիրառման կամ դրա սպառնալիքի բացառումը։