Twitter ընկերությունը նախազգուշացրել է, որ հաքերների զանգվածային գործունեության դեմ պայքարի շրջանակներում ինքն արգելափակում է բոլոր այն հաշիվները, որոնք փորձել են փոխել իրենց գաղտնաբառը 30 օրվա ընթացքում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Որպես նախազգուշական միջոց եւ արձագանքման միջոց՝ մարդկանց անվտանգությունը պաշտպանելու համար մենք նախաձեռնել ենք հետեւյալ քայլը՝ արգելափակել ենք բոլոր այն հաշիվները, որոնք փորձել են փոխել գաղտնաբառը վերջին 30 օրվա ընթացքում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընդ որում, ընկերությունը չունի տվյալներ այն մասին, որ գաղտնաբառերն իսկապես գողացվել են:

Չորեքշաբթի օրը հաքերների գործողություններից տուժածների թվում էին ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, նախկին նախագահ Բարաք Օբաման, Tesla-ի եւ SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը, միլիարդատերեր Բիլ Գեյթսը, Մայքլ Բլումբերգը եւ Ուորեն Բաֆեթը, Amazon- ի ղեկավար Ջեֆ Բեզոսը, ռեփեր Քանյե Ուեսթը, Apple, Uber եւ այլ ընկերություններ: Կոտրած հաշիվներում հաղորդագրությունների հեղինակները խոստացել են 30 րոպեի ընթացքում իրենց ուղարկված բիթքոինների կրկնակին վերադարձնել: