Սպիտակ տունը քննարկում է TikTok չինական հավելվածն այսպես կոչված սեւ ցուցակում ավելացնելու հնարավորությունը, ինչը թույլ կտա խուսափել ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալների փոխանցումից Չինաստանին: Այս մասին ուրբաթ օրը հայտնել է Financial Times-ը՝ վկայակոչելով երեք աղբյուր ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփի վարչակազմում:

Դրանց տվյալներով՝ Թրամփի վարչակազմում այժմ քննարկվում է  TikTok-ի սեփականատեր, պեկինյան ByteDance ընկերությունն առեւտրի նախարարության սեւ ցուցակում ներառելու հարցը։ Նման միջոցառումը կնշանակի, որ ամերիկյան ընկերությունները, այդ թվում՝ Apple-ը, չեն կարողանա տրամադրել TikTok-ն իրենց ծրագրային ապահովման հարթակներում թարմացված ծրագիրը տեղադրելու համար: Նշվում է, որ Չինաստանում մշակված հավելվածի դեմ ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ վերջնական որոշումն ակնկալվում է կայացնել մեկ ամսվա ընթացքում, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Միեւնույն ժամանակ, ըստ պարբերականի աղբյուրի, Թրամփի վարչակազմը գիտակցում է TikTok-ի պահանջարկը ամերիկացի օգտատերերի շրջանում, ինչի կապակցությամբ այլընտրանքային տարբերակներ է դիտարկում հավելվածի լիարժեք արգելափակմանը՝ ԱՄՆ քաղաքացիների անձնական տվյալների տեղափոխումը Չինաստան կանխելու պայմանով:

Ավելի վաղ NBC հեռուստաընկերությունը, վկայակոչելով աղբյուրները, տեղեկացրել էր, որ ամերիկյան Facebook կորպորացիան պլանավորում է գործարկել իր Instagram սոցիալական ցանցի հիման վրա վրա ստեղծված TikTok-ի անալոգն ավելի քան 50 երկրում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում: Instagram Reels կոչվող ծառայությունն օգտատերերի համար հասանելի կլինի մի քանի շաբաթվա ընթացքում:

Հուլիսի 6-ին ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոն հայտարարել էր, որ Միացյալ Նահանգները չեն բացառում TikTok-ի արգելափակման հնարավորությունը երկրի տարածքում այն պնդումների ֆոնին, որ սոցիալական ցանցի ղեկավարությունը, իբր, զբաղվում է քարոզչությամբ եւ օգտատերերի տվյալները փոխանցում է Չինաստանի իշխանություններին: