DigiTec Business ամենամյա արդեն թվով 4-րդ ֆորումն այս տարի տեղի կունենա հունիսի 24-25-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցային համալիրում: Ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների (ՏՀՏ) ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, մեկ հովանու ներքո ներկայացնել տնտեսության արդիականացման համար նախատեսված ՏՀՏ բոլոր ապրանքներն ու ծառայությունները:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացնում են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունից, միջոցառմանն իրենց մասնակցության մասին արդեն հայտնել են Շիրակ Տեխնոլոգիաներ, Շահումյան Մեդիա, Ֆլեքսիբլ Ափլիքեյշնս, Յունիքոմփ ընկերությունները, Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնը եւ այլ կազմակերպություններ:
Ֆորումի կազմակերպիչն է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԻՏՁՄ), իսկ գլխավոր գործընկերն է «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline):
«Աշխարհի տարբեր երկրներում արդեն բարձր են գնահատվում հայկական ընկերությունների եւ մասնագետների կողմից մշակված արտադրանքը եւ տրամադրվող ծառայությունները: Ժամանակն է, որ այդ ներուժն օգտագործվի նաեւ տեղական շուկայում եւ ծառայի ներքին խնդիրների լուծմանը: DigiTec Business ֆորումը հենց այն տեղն է, որտեղ մեր տեղական ՏՀՏ ոլորտի ընկերությունները հնարավորություն ունեն ներկայացնելու իրենց նոր արտադրանքը, մշակումները, ծրագրային փաթեթները, ծառայությունները, իսկ պոտենցիալ օգտագործողները գնահատեն` որքանով այդ առաջարկները կօգնեն բարելավել իրենց աշխատանքային գործընթացները եւ այլն»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով, «օրեցօր աճում է գործարարների հետաքրքրությունը բիզնեսի կառավարման համակարգերի նկատմամբ, որոնք այսօրվա մրցակցային պայմաններում կրիտիկական դեր են խաղում արդի բիզնեսի զարգացման համար»:
«Հաշվի առնելով այս ամենը` Միությունն իր կողմից առաջնային նպատակ է հայտարարել տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ներդրումը տնտեսության այլ ոլորտներում»,- ասել է նա:
Նշենք, որ «Բիզնեսի եւ տեխնոլոգիաների երկխոսություն» խորագիրը կրող ֆորումի շրջանակներում կիրականացվեն DigiTec Business ցուցահանդես, Տեխնոլոգիական սեմինարներ եւ թեմատիկ կլոր սեղաններ:




























