Հայաստանում 1.5 մլն մարդ օգտվում է ինտերնետից (ներառյալ բջջային հեռախոսների միջոցով օգտվողները): Այդ մասին այսօր` մայիսի 13-ին պատգամավորներին տեղեկացրեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով` 2010 թ. մոտ 2 անգամ ավելացել է նաեւ լայնաշերտ ինտերնետից օգտվողների թիվը`հասնելով 173 հազարի:

Ընդհանուր առմամբ` ՀՀ վարչապետը դրական գնահատեց այն զարգացումները, որ առկա են հեռահաղորդակցության ոլորտում: Որպես դրա վկայություն նշվեց այն հանգամանքը, որ արագագործ ինտերնետի միջինացված մանրածախ գները նվազել են գրեթե 2 անգամ, իսկ մեծածախ գները` ավելի քան 2 անգամ եւ կազմում են 71 հազ. դրամ: Բացի այդ` հանրապետության ողջ տարածքը ծածկված է 3G կապով, սկսվել են նաեւ 4G կապի ներդրման աշխատանքները:

Լայն թափով շարունակվել է նաեւ դպրոցների ինտերնետ կապով ապահովման աշխատանքը: Միայն 2010 թ. 300 դպրոցներ ստացել են ինտերնետ հասանելիություն: