Հայոց ցեղասպանության ճանաչման որոշման նախագծի հեղինակ, Գերագույն ռադայի պատգամավոր Անտոն Պոլյակովը անդրադարձել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանային էսկալացիայի թեմային, այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի Telegram-ը:

«Վերջին մի քանի օրերին մենք, ցավոք, ականատես եղանք Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հակամարտության էսկալացիային: Հայտնվել է դիմակայության ակտիվ փուլի զարգացման իրական սպառնալիք, արդեն կան մարդկային զոհեր, եւ կողմերը չեն կարողանում գալ ընդհանուր հայտարարի:

Լուր է հայտնվել այն մասին, որ Ադրբեջանի բանակը պատրաստ է հարվածներ հասցնել Հայաստանի ատոմային էլեկտրակայանին, ինչը կարող է հանգեցնել սարսափելի աղետի:

Հուսով եմ, որ պաշտոնական Բաքուն ականջալուր կլինի ողջամտությանը եւ թույլ չի տա ռազմական գործողությունների ակտիվացում:

Նաեւ ԱԳՆ-ի մեր դիվանագետներին կոչ եմ անում կառուցողական դիրքորոշում գրավել, կողմերից մեկի աջակցության չկշռադատված արտահայտություններն արդեն հանգեցրել են լուրջ դիվանագիտական սկանդալի:

Ցանկանում եմ պարոն Կուլեբին հիշեցնել, որ իր գերատեսչության հիմնական գործառույթն այն է, որ միջազգային ասպարեզում բարձրացնի երկրի կարգավիճակը, այլ ոչ թե հակառակը:

Չպետք է թույլ տալ սադրանքներ եւ սխալներ:

Ուկրաինան պետք է չեզոքություն պահպանի»,- նշված է քաղաքական գործչի հայտարարության մեջ:

Ինչպես ավելի վաղ էր հաղորդվել, «Ժողովրդի ծառա»-ի պատգամավոր Անտոն Պոլյակովը գրանցել է Հայոց Ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը (գրանցման համարն է № 2376, 05.11.2019):

Նախօրեին Ուկրաինայի ԱԳՆ հայտարարությունը կտրուկ քննադատել էր Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Դարյա Վոլոդինան: Իսկ Ուկրաինայի Հայերի միությունն իր ուղերձում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ Ուկրաինայի ԱԳՆ արտահայտություններն անվանել է չհիմնավորված եւ անհասկանալի: Նշելով հակամարտության տեղայնացումը եւ Ադրբեջանի գործողությունները՝ կազմակերպությունը նշել էր, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն իր հայտարարությամբ բացարձակապես անհիմն ուշադրությունը կենտրոնացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման վրա՝ նշելով, որ Հայաստանի կողմից որեւիցե տարածքային պահանջներ չկան:

Ուկրաինայի Հայերի միության ուղերձում նշված է, որ սպառնալիքի տակ են հայկական սահմանները, քանի որ հակամարտության սկզբնական պատճառը ադրբեջանցի զինվորականների ապօրինի ներխուժումն է հայկական հող: «Հայաստանի նպատակը հարեւանին հողային պահանջներ ներկայացնելը չէ, այլ միայն սեփական քաղաքացիների եւ տարածքների պաշտպանությունը:

Կողմերից մեկի դիրքորոշմանն աջակցելով՝ Ուկրաինան ոչ միայն չի նպաստում հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորմանը, այլեւ փչացնում է Հայաստանի Հանրապետության հետ դիվանագիտական հարաբերությունները: Դրանից բացի, այդպիսի ահիմն հայտարարությունները կարող են նպաստել երկրի ներսում ազգամիջյան հակամարտություններին: Արժե նշել, որ Ուկրաինայի տարածքում բնակվում է բազմաթիվ հայկական սփյուռք, որը նույնպես շահագրգռված է երկրի կայուն հարաբերություններով:

Կարեւոր է նաեւ նշել, որ Մինսկի խմբի ներկայացուցիչներից ոչ մի երկիր, որի նպատակն է հակամարտության խաղաղ կարգավորմանը նպաստելը, չի արտահայտվել ադրբեջանական կողմի աջակցությամբ՝ բացի Թուրքիայից: Սա վկայում է իրավիճակի ոչ միանշանակության մասին, որը քաղաքակիրթ երկրներին թույլ չի տալիս այդ հարցով այս կամ այն դիրքորոշումն ընդունել:

Չնայած ռազմական գործողությունները սկսվելուց հետո կարճ ժամանակահատվածին, Ուկրաինայի ԱԳՆ-ն արդեն դիրքորոշում է հայտնել՝ աջակցելով հակամարտության կողմերից մեկին, ինչը վկայում է այս կարեւոր հարցի մակերեւութային ուսումնասիրման եւ ոչ պրոֆեսիոնալ մոտեցման մասին: Ամբողջ աշխարհը, չկատարելով հապշտապ եզրահանգումներ, իրավիճակի խաղաղ կարգավորման կոչ է անում եւ չի պաշտպանում կողմերից ոչ մեկին:

Բերված փաստարկներն ընդհանրացնելով՝ Ուկրաինայի Հայերի միությունը դատապարտում է հայ-ադրբեջանական հակամարտության հարցում ԱԳՆ դիրքորոշումը եւ նախարարությանը կոչ անում նշված իրադարձություններին տալ արդար եւ օբյեկտիվ գնահատական»:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ԱԳՆ-ն ավելի վաղ հանդես էր եկել Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման աջակցությամբ, չնայած նոր էսկալացիան նախաձեռնել է հենց Ադրբեջանը եւ ղարաբաղյան հակամարտության գոտուց դուրս: